Սկզբից անձնական կապերով մի քանի խոշոր ներդրող կբերենք, հետո գործընթացը կգնա առանց մեր միջամտության. Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
News.am-ը գրում է. Չեմ նախանձում կառավարության որեւէ անդամի, որը իմ հետ հաջողության դեպքում պետք է աշխատի: Այս մասին Երեւանի երեք վարչական շրջանների քաղաքացիների, «Հայաստան» դաշինքի ակտիվի հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը:
«Հետո գոհ են լինելու արդյունքներից, բայց այդ ընթացքը ծանր է լինելու, չգիտեմ, ով է դիմանալու, ով չի դիմանալու, ես հաստատ դիմանալու եմ, մյուսներին չգիտեմ»,-ասաց նա:
Անդրադառնալով ներդրումների խնդրին, Քոչարյանն ասաց. «Ներդրումային գրավչության տեսանկյունից մենք բավականին պրոբլեմային երկիր ենք: մենք ունենք փակ սահմաններ, պատերազմական վիճակ եւ փոքր շուկա: Բազային տվյալները ներդրողների համար լավը չեն: Այս ամենը փոխհատուցելու համար մենք կազմակերչական տեսանկյունից, ներդրումային գրավչության տեսանկյունից պետք է ավելին լինենք, քան կարող է լինել մեկ այլ երկիր: Դրա համար առաջնային է օրենսդրությունը եւ վարչարարությունը, այդ թվում ներդրումների պաշտպանվածության օրենսդրությունը: Դա Հայաստանում կա, բայց չի կիրառվում:
Ներդրումների համար կառավարելիության կանխատեսելիությունը համար մեկ հարցն է:
Ես համոզված եմ, որ տարեկան կարող ենք մեկ մլրդ դոլարի չափով ներդրում ունենալ Հայաստանում շատ հանգիստ: Ուղղակի պետք է վերականգնենք երկրի նկատմամբ վերահսկողությունը, որ եղել է եւ պետք է լինի»:
Երկրորդ նախագահի խոսքով, ներդրումները պարտադիր պայման է տնտեսական աճ ապահովելու համար. «Անկանխատեսելիությունը բերում է անհանգստության, իսկ երբ անորոշությունը երկար է լինում, մարդու մոտ տագնապ է սկսում: Մենք մեզ հետ պետք է բերենք հանգստություն: Մարդը պետք է կարողանա պլանավորել իր կյանքը, այդ պլանավորումը պետք է լինի 3-5 տարի: Այս իշխանության հետ ամեն ամիս մի բան է փոխվում: Այս պայմաններում ներվային վիճակ ենք ունենում եւ դրա հետեւանքով ՀՆԱ-ում կորուստ ենք ունենում: Պետք է կանխատեսելի երկիր դարձնենք: Սկզբից անձնական կապերով մի քանի խոշոր ներդրող բերել, որից հետո գործընթացն արդեն գնալու է առանց մեր միջամտության:
Մանրամասներն՝ այստեղ