211652_close_icon
views-count3289 դիտում article-date 10:25 02-07-2021

Լավրովը դրվատանքի խոսք է ասել Էրդողանի գաղափարի մասին․ Հայաստանը կո՞ղմ է «3+3»-ին․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Չորեքշաբթի օրը Անթալիայում հանդիպեցին Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները: Բնականաբար, Հարավային Կովկասը նրանց քննարկման միակ թեման չէր՝ Լավրովը եւ Չավուշօղլուն խոսեցին նաեւ Լիբիայի, Սիրիայի եւ Աֆղանստանի խնդիրների շուրջ: Մասնավորապես, Աֆղանստանում սկսվում է լարվածության նոր շրջափուլը, եւ դա անպայման անդրադառնալու է ՀԱՊԿ անդամ Տաջիկստանի անվտանգության վրա: Դե, իսկ Թուրքիան, ինչպես հայտնի է Ասիայի եւ նույնիսկ Աֆրիկայի տարբեր հատվածներում մշտապես հետաքրքրություններ ունի: Այդ բոլոր խնդիրներն, իհարկե, պետք է դիտարկել համալիր ձեւով, որովհետեւ դիվանագիտությունն, ինչպես հայտնի է, առեւտուր է՝ ինչ-որ բան տալիս ես, ինչ-որ բան ստանալու պայմանով:

Ինձ թվում է՝ մեծ գործարքի շրջանակներում Թուրքիան եւ Ռուսաստանը, այսպես ասած, «փոխանակել են» Սիրիան ու Արցախը՝ առաջին դեպքում թուրքերն են զիջել, երկրորդ դեպքում՝ ռուսները: Ըստ այդմ, Լավրովն իր գոհունակությունը հայտնեց, թե ինչպես է Աղդամում աշխատում մշտադիտարկման ռուս-թուրքական կենտրոնը, ինչպես նաեւ նշեց, որ Էրդողանի այցը Շուշի (ՌԴ ԱԳ նախարարի ձեւակերպմամբ՝ Ադրբեջան) երկու պետությունների միջեւ երկկողմ հարաբերությունների հարց է: Այնպես չէ, որ Լավրովի նման փորձառու դիվանագետի համար տեսանելի չէ այդ այցի սադրիչ բնույթը, բայց նա, իհարկե, ոչ մի ցանկություն չուներ այդ հարցը սրելու:

Մի խոսքով՝ Ռուսաստանը հաշտվել է այն մտքի հետ, որ Թուրքիան այս ձեւով (նաեւ՝ ռազմական բաղադրիչով) ներկա է Հարավային Կովկասում: Լավրովը նաեւ դրվատանքի խոսքեր ասաց Ալիեւի եւ Էրդողանի գաղափարի մասին՝ ստեղծել «3+3» պլատֆորմը, որտեղ կմասնակցեն Հարավային Կովկասի երեք հանրապետությունները, Իրանը, Ռուսաստանը եւ Թուրքիան: Այդ ձեւաչափը, եթե այն կոչված է ինչ-որ հարցերում փոխարինել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, գոնե առաջին հայացքից, մեզ այնքան էլ ձեռնտու չէ՝ երեք «չեզոք» երկիր եւ երկու թշնամի: Բոլոր դեպքերում առաջարկը, որքան գիտեմ, որեւէ հստակ պատասխանի չի արժանացել Հայաստանի կողմից: Պարզ է, որ որեւէ ձեւով արձագանքելու համար պետք է առնվազն ունենալ արտգործնախարարություն, որը Հայաստանում գրեթե լուծարված է, ինչը զարմանալի է մեր վիճակում: Բացի այդ, ցանկալի է, որ կառավարությունը նման հարցերով խորհրդակցի փորձագետների հետ՝ զարգացած երկրներում նման դեպքերի համար գոյություն ունեն անկախ փորձագիտական կենտրոններ:

Բայց Հայաստանին ոչ դիվանագետներ են պետք, ոչ փորձագետներ: Հայաստանում կա միայն մեկ դիվանագետ ու փորձագետ: Եվ այդ մեկ մարդը… ինքներդ գիտեք, թե ով է»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր