211652_close_icon
views-count1424 դիտում article-date 10:56 15-07-2021

Գրականությունը կամ պատմությունը «խոսելու վրա չեն»․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Վերջերս զրուցում էի արտասահմանում դասավանդող իմ ընկերներից մեկի հետ, եւ նա ինձ շատ հետաքրքիր մի փաստ հայտնեց. պարզվում է, արեւմտյան առաջատար բուհերում, եթե անգամ ուսանողը պետք է ստանա բնագիտության, բիզնեսի կամ, ասենք, ՏՏ ոլորտի դիպլոմ, պարտադիր ժամերի (կրեդիտների) 25 տոկոսը հումանիտար առարկաներն են՝ այն, ինչ նրանց մոտ կոչվում է liberal sciences:

Իհարկե, այստեղ, ինչպես եւ այլ դասընթացների դեպքում, կա ընտրության հնարավորություն՝ ուսանողը կարող է ընտրել լեզուն, գրականությունը, պատմությունը, փիլիսոփայությունը եւ այլն, բայց առանց այդ բնագավառում ստացած կրեդիտների նա դիպլոմ չի ստանա: (Ի դեպ, մեր կրթության բարեփոխիչներն այդ փաստը նույնպես պետք է հաշվի առնեն):

Հիմնավորումներն այստեղ առնվազն երկուսն են: Նախ՝ եթե դու դառնում ես միջուկային ֆիզիկոս, գենետիկ կառուցվածքի մեջ խորացող կենսաբան կամ արհեստական բանականությամբ զբաղվող ՏՏ մասնագետ, քո գիտության, քո գործունեության էթիկական բաղադրիչը, հատկապես 21-րդ դարում, դուրս է գալիս առաջին պլան: Երկրորդ՝ այդ նույն գիտության մեջ առաջ գնալու համար անհրաժեշտ է քննադատական մոտեցումը, այսինքն՝ դու չպիտի ընդունես որեւէ պնդում որեւէ տեսություն «հալած յուղի տեղ», դու պիտի այն համադրես այլ պնդումների եւ տեսությունների հետ, որից հետո միայն կգաս քո միջանկյալ (բայց երբեք՝ ոչ վերջնական) եզրակացության: Իսկ ի՞նչը քեզ կարող է այդ հարցում օգտակար լինել, եթե ոչ հումանիտար գիտելիքները:

Այո, բայց ա՛յն հումանիտար գիտությունները, որոնք դպրոցում եւ բուհում դասավանդվում են ոչ այնպես, ինչպես որ դա արվում էր Հայաստանում վերջին առնվազն 50 տարվա ընթացքում: Այսինքն՝ եթե դու պատմության կամ գրականության շարադրությունը գրելիս իրար վրա շարում ես մի քանի ճոռոմ նախադասություններ «բազմաչարչար հայ ժողովրդի դառը ճակատագրի» մասին, դու հաստատ դրական գնահատական չես ստանա ամերիկյան որակյալ ավագ դպրոցում: Դու պետք է հիմնավորես քո ասածները՝ հավաքելով բազմաթիվ, հաճախ՝ իրար հակասող փաստեր: Այլ կերպ ասած, գրականությունը կամ պատմությունը «խոսելու վրա չեն», ինչպես որ մենք կարծում էինք տասնամյակներ շարունակ. հումանիտար գիտությունը (եւ, հետեւաբար, դրա դասավանդման ձեւը) նույնքան «խիստ» մոտեցումներ են պահանջում, որքան ոչ-հումանիտարը: Եվ ամենակարեւորը՝ պահանջում է քննադատական մտածողություն, որը չի դաստիարակվել մեր մեջ, իսկ մենք չենք կարողացել ներարկել դա մեզնից հետո եկողների մեջ:

Արդյոք այս սխալ, արխայիկ, ձեւական-հայրենասիրական մոտեցումների մեջ չէ՞ պատճառներից մեկը, որ մեր քաղաքացիները, եթե անգամ անգիր գիտեն Հովհաննես Շիրազի կամ Պարույր Սեւակի հայրենասիրական տողերը (որոնք ժամանակին հսկայական դրական դեր են կատարել), ցավ չեն ապրում կորցրած հայրենիքի առիթով: Կամ, երբ երկրի ղեկավարն, ըստ էության, ասում է, որ ժողովուրդն իր ընտանիքն է, իսկ ինքը՝ դրա «պապան» եւ այդ «ասույթը», պաշտոնական կարգախոսի կարգավիճակ ձեռք բերելով, դառնում է գովազդային պաստառ, դա ոչ մի ներքին դիմադրություն չի առաջացնում հասարակության մեջ»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր