211652_close_icon
views-count961 դիտում article-date 21:23 10-04-2015

Ավստրիայի Ազգային գրադարանում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում՝ «Գրականությունը որպես ժամանակի վկա» խորագրով

Ապրիլի 9-ին Ավստրիայի Ազգային գրադարանի հանդիսությունների Մեծ դահլիճում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում՝ նվիրված ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի ծննդյան 125 և մահվան 70-ամյակին: Կազմակերպիչներն էին Ավստրիայում ՀՀ դեսպանությունը և Ավստրիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովը՝ համագործակցությամբ Ավստրիայի գրական ընկերության և «Ֆրանց Վերֆել» կոմիտեի: Միջոցառման խորագիրն էր «Գրականությունը որպես ժամանակի վկա»: Միջոցառմանը ներկա էին աշխատանքային այցով Ավստրիայում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, Ավստրիայի կառավարության, մասնավորապես՝ արտաքին գործերի, կրթության, արվեստի ու մշակույթի և այլ նախարարությունների պաշտոնյաներ, Ավստրիայի խորհրդարանի և Վիեննայի քաղաքային խորհրդարանի պատգամավորներ, դեսպաններ, պատմաբաններ, դիվանագետներ, գրականագետներ, լրագրողներ, ավստրահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Ավստրիայի Ազգային գրադարանի տնօրեն, դոկտոր Յոհաննա Ռախինգերը: Հայոց ցեղասպանության պատմական եղելության լուսաբանման գործում Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպի դերակատարության մասին ելույթներով հանդես եկան դեսպան Կիրակոսյանը և ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Այնուհետև Հայոց ցեղասպանության և Ֆրանց Վերֆելի ստեղծագործության մասին համառոտ ելույթներով հանդես եկան հայ և ավստրիական եկեղեցական շրջանակների ներկայացուցիչները, մասնավորապես՝ Կենտրոնական Եվրոպայում և Սկանդինավիայում Հայ Առաքելական եկեղեցու հայրապետական պատվիրակ Տիրան վարդապետ Պետրոսյանը, Վիեննայի Մխիթարյան միաբանության ղեկավար, հայր Պողոս Կոջանյանը, կարդինալ Քրիստոֆ Շյոնբորնի խոսնակ և համաավստրիական «PRO ORIENTE» կազմակերպության մամլո քարտուղար, պրոֆեսոր Էրիխ Լայտենբերգերը: Վերջինս ներկայացրեց Երուսաղեմի պատրիարք Եղիշե Տուրյանի կողմից դեռևս 1929թ. Վերֆելին նվիրաբերած խաչի պատմությունը, որը Վերֆելը սրբությամբ պահել է մինչև իր կյանքի վերջը և վերջինիս մահից հետո խաչը Միացյալ նահանգներից բերվել է Ավստրիա և հանգրվանել կարդինալ Շյոնբորնի մոտ: Էրիխ Լայտենբերգերը նաև հայտնեց, որ Հայոց ցեղասպանության ոգեկոչման առթիվ ապրիլի 24-ին Վիեննայի Սուրբ Ստեֆանի կենտրոնական տաճարում կարդինալ Շյոնբորնի մասնակցությամբ տեղի ունենալիք էկումենիկ աղոթքից հետո խաչն ի պահ է տրվելու տաճարին և ցուցադրվելու է մշտական ցուցահանդեսում: Վերֆելի վեպում հայոց ցեղասպանության պատմական իրողության արտացոլման խնդրի շուրջ ելույթով հանդես եկավ Ավստրիայի գրական ընկերության և «Ֆրանց Վերֆել» կոմիտեի նախագահ, գրող, դոկտոր Մարիանա Գրուբերը: Վերֆելի վեպից հատվածների ընթերցմամբ հանդես եկավ ավստրիացի գրող, թարգմանիչ Հերբերտ Մաուրերը: Զուգահեռաբար Ավստրիայի Ազգային գրադարանում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպվել էր Վերֆելի կյանքին և «Մուսա լեռան 40 օրը» վեպին նվիրված ցուցահանդես: Ցուցահանդեսին Ավստրիայի Ազգային գրադարանը տրամադրել էր Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպի ձեռագրի բնօրինակը, որը ցուցադրվեց Վերֆելին նվիրաբերված հայկական խաչի հետ միասին: Ցուցադրվեց նաև վերջին տարիներին և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Ցեղասպանության թեմայով հրատարակված շուրջ 30 անուն գիտական և գիտահանրամատչելի գրականություն, որը ցուցահանդեսի ավարտից հետո ամբողջովին կնվիրաբերվի Ավստրիայի Ազգային գրադարանին: Միջոցառմանը Ավստրիայի Գրաց քաղաքից ժամանած լարային քառյակի կատարմամբ հնչեցին Կոմիտասի և Շուբերտի ստեղծագործությունները:

Նմանատիպ նյութեր