211652_close_icon
views-count4768 դիտում article-date 10:38 06-08-2021

Երբ խոսք է գնում արժեքային, էթիկական ընտրության մասին, «սև-սպիտակն» արդեն չի աշխատում․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Օրինակ, ես ասում եմ, որ չեմ հրճվում Թուրքիայում շարունակվող հրդեհներից: Դրանից հետեւություն է արվում. «ուրեմն, դուք ասում եք, որ մենք պետք է ողբանք այդ հրդեհների պատճառով եւ ցավակցենք մեր հարեւաններին»: Բայց ես այդ B պնդումը չեմ արել, նման բան չեմ ասել եւ այդպես չեմ էլ մտածում:

Եվս մեկ օրինակ. ես ասում եմ, որ Փաշինյանի կառավարությունը չի կարողացել ապահովել հայերի անվտանգությունը: «Հետեւություն»՝ «ուրեմն դուք երազում եք Քոչարյանի վերադարձի մասին»: Դարձյալ՝ «nоn sequitur», սխալ հետեւություն, մեկը մյուսից չի բխում:

Ես մի կողմ եմ դնում այն դեպքը, երբ սխալ հետեւությունն արվում է միտումնավոր, քարոզչական նպատակով, այսինքն՝ երբ մարդիկ շատ լավ հասկանում են իրենց սխալը, բայց իրենց կամ իրենց թիմին ձեռնտու է այդ սխալ հետեւությունն անել: Քարոզիչներ միշտ եղել են ու կլինեն: Շատ ավելի հետաքրքիր է, երբ մարդիկ իսկապես այդպես են մտածում, բոլոր տեսակի դեմագոգներն էլ օգտվում են մտածողության այդ թերությունից: Մարդիկ բնական հակվածություն ունեն «սեւ-սպիտակ» փաստարկմանը, որն ինչ-որ չափով հեշտացնում է կյանքը, ազատում է նրանց մտավոր ճիգերից: Ասեմ նաեւ, որ այդ մտածողությունը որոշ դեպքերում ճիշտ է: Օրինակ, X-ը չի գտնվում այս սենյակում, հետեւաբար, նա գտնվում է այս սենյակից դուրս որեւէ մի վայրում, եթե ընդունում ենք, որ մարդը չի կարող միաժամանակ մի քանի տեղ գտնվել: Բայց երբ խոսք է գնում հասարակական ավելի բարդ երեւույթների, մասնավորապես, արժեքային, էթիկական ընտրության մասին, «սեւ-սպիտակն» արդեն չի աշխատում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր