211652_close_icon
views-count2931 դիտում article-date 11:50 07-08-2021

Նախկին հեղափոխականները դառնում են ավելի «անթափանց» ու «ոչ հաշվետու», քան նրանք, ում դեմ նրանք պայքարել են․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ես երկու ձեռքով կողմ եմ, որ Ազգային ժողովում ձեռնարկվեն անվտանգության ամենախիստ միջոցները, որ այդ շենքում գտնվող բոլոր մարդիկ՝ աշխատակիցները, պատգամավորները, լրագրողները մի քանի անգամ անցնեն մետաղորսիչների միջով, որ այնտեղ լինեն անվտանգության բազմաթիվ աշխատակիցներ:

Ի դեպ, պարտադիր չէ, որ վերջիններս լինեն զինվորական համազգեստով՝ դրանից ցուցամոլության հոտ է գալիս: Կարեւոր է, որ անվտանգության կանոններին ենթարկվեն բոլորը, ոչ թե լինեն արտոնյալ պատգամավորներ, որոնց համար, ասենք թե, պարտադիր չլինի մետաղորսիչներով անցնելը: Բացառված չէ, որ ԱԱԾ-ն ստացել է համապատասխան ազդանշաններ, եւ եթե դա այդպես է, ապա այդ կառույցն առավել եւս պետք է զգոն լինի:

Բայց եթե լրագրողը անվտանգության բոլոր պահանջները կատարել է, եթե նրա ձայնագրիչը, հեռախոսը եւ տեսախցիկը մանրակրկիտ ստուգված են, ապա ինչո՞ւ նա չպիտի կարողանա մոտենալ ցանկացած պատգամավորի եւ տալ ցանկացած հարց: Կամ՝ ինչո՞ւ է նրան արգելվում նկարահանել ԱԺ-ում գտնվող զինվորական համազգեստով մարդկանց: Ի՞նչ է, նրանք թաքո՞ւն են իրականացնում իրենց ծառայությունը: Սա արդեն անվտանգության հետ կապ չունի եւ խոսում է ներկա իշխանության այլասերման, իսկ եթե ավելի ստույգ՝ հին, «սերժառոբական» հուն վերադառնալու մասին:

Հիշում եմ, 2018 թվականի մայիսին պաշտոն ստացած հեղափոխականն ասաց լրագրողին՝ «շարունակեք ինձ անունով դիմել, ոչինչ չի փոխվել»: Երկու ամիս հետո այդ պաշտոնյային հնարավոր չէր ոչ միայն անունով դիմել, այլեւ ընդհանրապես նրա հետ խոսել. նա «մեկուսացավ»՝ պատ կառուցելով օգնականների եւ քարտուղարուհիների միջոցով: Կյանքից, իրականությունից կտրվելն այդպես է սկսվում: Դժվար թե հիմա մենք փողոցում հանդիպենք հեծանիվ քշող վարչապետին, կամ առավոտյան մարզանքի դուրս եկած քաղաքապետին: Պարզ է, մարդիկ սկզբից իշխանությունը եւ դրա բոլոր «համեմունքները» այնպես չեն պատկերացնում, ինչպես որ այն իրականում կա, բայց հաշվի առնելով, թե ինչպիսի կարգախոսներով էին իշխանության եկել «այսօրվանները», որոշ բաներ արտառոց են թվում: 

Հիմա արդեն նախկին հեղափոխականները, որոնք իբր պայքարում էին թափանցիկության եւ հաշվետվողականության համար, դառնում են ավելի «անթափանց» ու «ոչ հաշվետու», քան նրանք, ում դեմ նրանք պայքարել են: Հիմա արդեն նրանք կիսաաստվածներ են, որոնք պետք է հպարտորեն ու անարգել ճեմեն Ազգային ժողովի միջանցքներով, շփվեն միայն իրենց «ռանգի» մարդկանց հետ, իսկ լրագրողները «ոտի տակ չընկնեն»՝ չնայած նրանց մի մասը նախկինում լրագրողներ էին: Հիմա նրանք բարձր տուգանքներով իրենց պաշտպանում են վիրավորանքից ու զրպարտությունից, ինչպես նաեւ քրեականացնում են հայհոյանքը: Վստահ եմ, շուտով կլինեն նման նոր նախաձեռնություններ:

Հիշո՞ւմ եք, ինչպես է վերջանում Օրուելի հայտնի վեպը: Խոզերը, որոնք մնացած կենդանիների հետ միասին հեղափոխություն են անում «հանուն հավասարության», վերցնում են մտրակը եւ սկսում են իշխել ճիշտ այնպես, ինչպես որ դա անում էին մարդիկ»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր