211652_close_icon
views-count1234 դիտում article-date 10:49 10-08-2021

Ինչո՞ւ են բազմաթիվ խելացի մարդիկ հրաժարվում վերլուծել ներքին կյանքը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Վերջերս զրուցում էի մի քաղաքագետի հետ, որն, իմ կարծիքով, միջազգային խնդիրների հետաքրքիր եւ գրագետ վերլուծություններ է անում: Հարցրեցի՝ իսկ Հայաստանի ներքին քաղաքական խնդիրներին դուք անդրադառնո՞ւմ եք: Ասում է՝ չէ, ներքին կյանքն աշխատում եմ չվերլուծել, «շառոտ թեմա է», եթե անգամ անմեղ եւ ակնհայտ, սովորական բան ես ասում, միեւնույն է՝ որեւէ կողմ դրանից դժգոհ է մնում, տեքստից վերցնում է ինչ-որ կես նախադասություն ու սկսում է քեզ վերագրել մտքեր, որոնք դու չես հայտնել՝ քեզ ինչ-որ մի ճամբարի մեջ տեսնելու անդիմադրելի ձգտումով:

Դա զանգվածի եւ, մասնավորապես, սոցիալական ցանցերի օգտատերերի սովորական արձագանքն է՝ ոչ միայն Հայաստանում, այլեւ ողջ ազատ ու «կիսաազատ» աշխարհում: Կարծիքների բեւեռացում, «արմատականացում» տեղի է ունենում ամենուր, եւ նրանք, ովքեր ազդում են կամ փորձում են ազդել հասարակական կարծիքի վրա, ամեն ինչ անում են, որ չհայտնվի որեւէ մեկը, որը հանգիստ, առանց նախապաշարումների, առանց որակումների (պիտակների) փորձի հասկանալ, քննարկել, վերլուծել իրավիճակը: Տարբեր «խրամատների» ներկայացուցիչները խիստ վրդովվում են նման չափավոր դիրքորոշումից եւ սովորաբար, հույզերի մեջ ընկնելով, բացականչում են՝ «Ինչպե՞ս կարելի է համեմատել»:

Օրինակ, ամերիկյան պաշտոնական շրջանակները, կիսապաշտոնական հիմնադրամները եւ աշխարհով մեկ նրանց «հ/կ-ական» շահառուները վստահ են, որ ընտրություններից հետո խորհրդարանի վրա հարձակումը որեւէ հետխորհրդային կամ, ասենք, աֆրիկյան երկրում արդարացի ժողովրդական ընդվզում է, որն ուղղված է ժողովրդավարության հաստատմանը: Բայց այս տարվա սկզբին Թրամփի կողմնակիցների հարձակումը ԱՄՆ Կոնգրեսի շենքի վրա նույն շրջանակները որակում են որպես ոտնձգություն ժողովրդավարության հանդեպ եւ խստորեն դատապարտում են: Նույն իրադարձությունները ռուսական դաշնային ալիքների «թոք-շոուների» կոնտինգենտը գնահատում է ճիշտ հակառակ դիրքերից: Եվ երկու բեւեռների ներկայացուցիչները, եթե դուք փորձեք ավելի խորը վերլուծել նշված դեպքերը՝ որեւէ տեղ չտեսնելով հրեշտակների եւ հրեշների, խիստ կվրդովվեն ու կպահանջեն՝ «չհամարձակվե՛ս համեմատել բարձր իդեալների համար մարտնչող ազնիվ քաղաքացիներին այս թափթփուկների հետ»:

Ահա թե ինչու բազմաթիվ խելացի մարդիկ հրաժարվում են վերլուծել ներքին կյանքը: Ցանկացած բարեխիղճ վերլուծություն, մտածելու ցանկացած փորձ հառնում է երկու տեսակի վրդովմունքի.  ա/ «Ինչպե՞ս ես դու համեմատում իր գերազանցություն, վսեմաշուք վարչապետին, որի անունը իսկի չի կարելի տալ, այս թալանչիների եւ կեղեքիչների հետ» կամ բ/ «Ինչպե՞ս ես դու համեմատում դավաճանին եւ կապիտուլյանտին՝ Արցախն ազատագրողների եւ պատերազմի հերոսների հետ»: Բայց անձամբ ես, ի տարբերություն հոդվածի սկզբում վկայակոչած քաղաքագետի, կշարունակեմ իմ փորձերը իրականությունը հասկանալու եւ ձեզ, սիրելի ընթերցողներ, ներկայացնելու: Իսկ հասկանալու համար պետք է տեսնել գործընթացներն իրենց համադրության մեջ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր