211652_close_icon
views-count1661 դիտում article-date 10:25 11-08-2021

Վտանգ եմ տեսնում մեր հասարակության և պետության, նրա անվտանգության համար․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ազգային ժողովի` իշխանությունը ներկայացնող երիտասարդ պատգամավորները, որոնց կենսագրության ամենավառ դրվագները թերեւս կապված են 2018 թվականին երեք շաբաթ քայլելու եւ ճանապարհ փակելու հետ, առանց պատշաճ հարգանքի են խոսում Արցախի հերոս, գեներալ Սեյրան Օհանյանի հետ: Այդ պատգամավորներից մեկը հայտարարել է, որ մենք Արցախը կորցրել ենք 1992 թվականին՝ հաշվի չառնելով, որ 1992-94 թվականին հարյուր հազարավոր հայաստանցիներ զրկանքներ են կրել, իսկ շատերը կյանք են տվել, որպեսզի Արցախը ոչ թե կորցնենք, այլ հակառակը՝ ազատագրենք: Նման դրսեւորումները կարելի էր համարել վատ դաստիարակության կամ ոչ այնքան հասուն մտքի դրսեւորումներ, եթե խոսք գնար անձնական խնդիրների մասին:

Բայց ես այստեղ վտանգ եմ տեսնում մեր հասարակության եւ պետության, նրա անվտանգության համար, որովհետեւ, ինձ թվում է, միտում կա ջարդելու, ոչնչացնելու ոչ թե այսպես կոչված «նախկիններին», այլ այն կարեւոր արժեքները, որով մեր պետությունը (պետությունը, ոչ թե իշխանությունը) ապրում էր 27 տարի եւ ջնջելուց հետո դրա տեղը ոչինչ չդնել՝ թողնել բացարձակ դատարկություն: Եվ այդ գործելակերպը դարձյալ վտանգավոր չէի համարի, եթե դա լիներ մի խումբ քաղաքական գործիչների նախաձեռնություն: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ այդ պատգամավորներն ընտրվել են ժողովրդավարական ընտրությունների միջոցով, եւ, հետեւաբար, ընտրություններին մասնակցող քաղաքացիների մեծամասնությունը մտածում են նրանց նման:

Իսկ խորքում այն ճգնաժամն է, որն ապրում է ժողովրդավարությունն ամբողջ աշխարհում: Այո, այն ժողովրդավարությունը, որը մենք 1991 թվականին համարում էինք բոլոր դարդերի բալասան: Բայց եկեք անկեղծ լինենք եւ տեսնենք, թե ինչի է այն վերածվել՝ հիմնականում ընտրությունների ձեւական «ընթացակարգի» պահպանմանը (կամ չպահպանմանը): Ստացվում է, որ մի խումբ մարդիկ կարող են դերասանություն անել, ինչ-որ տեխնոլոգիաներ օգտագործելով, գրգռել ամբոխի կրքերը, ստանալ մեծամասնության ձայները, եւ այդ ամբողջ կրկեսը մենք պիտի անվանենք ժողովրդավարությո՞ւն: Եվ դա վերաբերում է ամենեւին ոչ միայն Հայաստանին, այլեւ մեզ հայտնի պետությունների մեծամասնությանը:

Մինչդեռ ժողովրդավարությունն, իմ կարծիքով, նախեւառաջ գիտակից, կրթված մարդկանց մասնակցությունն է պետության կառավարմանը՝ ոչ միայն 4-5 տարին մեկ, այլ՝ մշտապես: Բայց 21-րդ դարում ամեն ինչ վերածվել է սոցցանցերում գորշ զանգվածի ագրեսիայի հաղթանակի: Ժամանակակից մարդը աշխարհի բազմաթիվ երկրներում չի գնում գրադարան, գրախանութ, թանգարան կամ համերգասրահ, նա գնում է խանութ, որ գնի բջջային նոր հեռախոս կամ պլանշետ, գա տուն ու սկսի անգրագետ, կոպիտ, վիրավորական բաներ գրել սոցիալական ցանցերում: Այդ մարդկանցից է կազմվում «ընտրազանգվածը», որը «ժողովրդավարական եղանակով» ընտրում է այս կամ այն «դերասաններին»: Ահա թե որտեղից է արժեքային դատարկությունը գալիս:

Ավստրալացի փիլիսոփա Ջեֆրի Բրենանը որպես լուծում առաջարկում է կա՛մ «գրագիտության ցենզ» սահմանել, կա՛մ քննություն ընդունել ընտրողներից՝ արդյոք նրանք արժանի՞ են իշխանություն ձեւավորել: Ինչ խոսք, «հակաժողովրդավարական» առաջարկ է: Բայց եկեք թեկուզ պատկերացնենք, որ Հայաստանում քվեատուփին մոտենալուց առաջ մարդկանց առաջարկում են 4-5 նախադասությամբ ինքնակենսագրություն գրել, եւ եթե սխալների քանակը լինի 10-ից պակաս, թույլ տալ, որ քվեարկեն: Տեսնես, քանի՞ հազար մարդ «կմաղվի»»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր