211652_close_icon
views-count1349 դիտում article-date 13:08 31-08-2021

Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում դպրոցները պետք է գործեն և պետք է ավելի պաշտպանված լինեն ՔՈՎԻԴ-19-ից. ԱՀԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կոչը

 Քանի որ միլիոնավոր դպրոցականներ վերադառնում են դպրոց Եվրոպական տարածաշրջանում, որտեղ գերակշռող է վիրուսի բարձր աստիճանի վարակելիությամբ հայտնի SARS-CoV-2 Delta տարբերակը, ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակը և ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակը դպրոցներին կոչ են անում չփակվելու և ավելի անվտանգ լինելու՝ վիրուսի տարածումը նվազագույնի հասցնելու միջոցներ ձեռնարկելով:

Այս միջոցառումները ներառում են ուսուցիչներին և դպրոցի այլ անձնակազմին՝ որպես պատվաստման ազգային ծրագրերում բնակչության թիրախային խմբերի, ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստումները՝ միաժամանակ ապահովելով խոցելի խմբերում գտնվող բնակչության պատվաստումը: Բացի այդ՝ պետք է պատվաստվեն 12 տարեկանից բարձր երեխաները, որոնք ունեն ուղեկցող առողջական խնդիրներ, որոնք զգալիորեն մեծացնում են ՔՈՎԻԴ-19-ով նրանց վարակվելու ռիսկը: Նախազգուշական միջոցառումներ են նաև դպրոցական միջավայրի բարելավումը դասարանների ավելի լավ օդափոխության միջոցով, հնարավորության դեպքում ավելի փոքրաթիվ աշակերտներով դասարանների ստեղծումը, ֆիզիկական հեռավորության պահպանումը, երեխաների ու անձնակազմի կանոնավոր թեստավորումներն ու այլ կարևոր գործողություններ:

«Համավարակը կրթության պատմության մեջ ամենաաղետալի խաթարումն է առաջացրել: Ուստի շատ կարևոր է, որ առկա ուսուցումը անխափան շարունակվի Եվրոպական տարածաշրջանում: Սա չափազանց կարևոր է երեխաների կրթության, հոգեկան առողջության և սոցիալական հմտությունների ձևավորման համար։ Սա կարևոր է նաև դպրոցների համար, որպեսզի կարողանան օգնել մեր երեխաներին՝ լինելու հասարակության երջանիկ և պիտանի անդամներ»,- ասում է ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն դոկտոր Հանս-Հենրի Պ. Կլյուգեն (Dr Hans Henri P. Kluge)

«Որոշ ժամանակ կպահանջվի, որպեսզի կարողանանք հաղթահարել համավարակը, բայց երեխաներին դպրոցներում կրթելը պետք է մնա մեր հիմնական նպատակը, որպեսզի նրանց չզրկենք այն հնարավորություններից, որոնց նրանք արժանի են: Մենք խրախուսում ենք բոլոր երկրներին բաց պահել դպրոցները և բոլոր դպրոցներին կոչ ենք անում միջոցներ ձեռնարկելու՝ նվազագույնի հասցնելու ՔՈՎԻԴ-19-ի վտանգը և դրա տարբեր տեսակների տարածումը»:
 

Պատվաստման ծավալների ընդլայնում՝ «Դելտա» տարբերակից պաշտպանվելու համար

Խիստ վարակիչ SARS-CoV-2 Delta տարբերակը մտահոգության և շփոթության լրացուցիչ առիթ է դարձել՝ այս տարվա դպրոցի բացման սեզոնին ընդառաջ: Համայնքում ՔՈՎԻԴ-19-ով հիվանդացության դեպքերի աճը շատ ավելի հավանական է դարձնում դպրոցներում դրա տարածումը: Հետևաբար մենք բոլորս պարտավորվում ենք նվազեցնել վիրուսի տարածումը։

Տվյալները հստակ ցույց են տալիս, որ ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութի ամբողջական չափաբաժին ստանալը զգալիորեն նվազեցնում է ծանր հիվանդության և մահվան վտանգը: Հետևաբար հնարավորության դեպքում պատվաստվե՛ք և համոզվե՛ք, որ ստացել եք պատվաստանյութի ամբողջական չափաբաժինը:

«Պատվաստումը վիրուսի դեմ մեր պաշտպանական լավագույն միջոցն է, և որպեսզի համավարակն ավարտվի, մենք պետք է արագորեն մեծացնենք պատվաստումների ծավալը բոլոր երկրներում՝ աջակցելով պատվաստանյութի արտադրությանը և չափաբաժինների բաշխմանը։ Մենք նաև պետք է շարունակենք հետևել մեզ հայտնի հասարակական, առողջապահական և սոցիալական միջոցառումներին՝ ներառյալ թեստավորումը, բացահայտումը, մեկուսացումը և կարանտինը»,- ասաց բժիշկ Հանս-Հենրի Պ. Կլյուգեն:
 

Դպրոցների անվտանգությունն ապահովելը ամբողջ հասարակության պարտականությունն է

Միլենա Մարիչը (Milena Maric) ավագ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի է Սերբիայի Բելգրադ քաղաքից, ով ստացել է ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութի ամբողջ չափաբաժինը: Նա ասում է. «Գրեթե երկու տարի շարունակ «Քովիդ-19» և «առցանց դպրոց» բառերը իրենց դրոշմը թողեցին մեր կյանքի վրա: Երբ համավարակը սկսվեց, Սերբիայի դպրոցական համակարգը արագ հարմարվեց։ Բայց ուսանողներին պակասում էին շարունակականությունը, շփումը, համատեղ աշխատանքը, առանց տեխնոլոգիայի հաղորդակցությունը: Ես գիտեմ, որ այս իրավիճակից միակ ելքն այն է, որ մենք շարունակենք հետևել վիրուսի փոխանցումը կանխելու միջոցառումներին և պատվաստենք բոլոր մանկավարժներին»:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրենի տեղակալ Ֆիլիպ Քորին (Philippe Cori) ասաց. «Համավարակը չի ավարտվել: Մենք բոլորս որոշակի դերակատարում ունենք ապահովելու, որ դպրոցները բաց մնան ամբողջ տարածաշրջանում: Չենք կարող թույլ տալ, որ ևս մեկ ուսումնական տարի խափանվի: Պատվաստումը և պաշտպանական միջոցները միասին կօգնեն կանխել համավարակի ամենածանր օրերի վերադարձը, երբ մարդիկ ստիպված էին դիմանալ արգելափակումներին, իսկ երեխաները՝ ուսումնառության խափանումներին:

«Երեխաները եղել են համավարակի լուռ զոհերը, և առավել մարգինալացվածները ամենաշատն են տուժել: Մինչև ՔՈՎԻԴ-19-ը տարածաշրջանի ամենախոցելի երեխաներն արդեն դպրոց չէին հաճախում կամ հաճախում էին, բայց չէին սովորում իրենց դասընկերների հետ նույն մակարդակում»:

«Դպրոցը շատ ավելին է․ այն ուսման, անվտանգության և խաղալու վայր է: Երբ դրանք փակ են, երեխաները բաց են թողնում ուսումը, իրենց ընկերների հետ շփվելու հնարավորությունը և անգամ կարող են ենթարկվել ընտանեկան բռնության: Համավարակը վատթարացրեց առանց այն էլ անընդունելի իրավիճակը. մենք պետք է ապահովենք, որ դպրոցները վերաբացվեն և բաց ու անվտանգ մնան»:
 

Փորձագետների խորհուրդներ

ՔՈՎԻԴ-19-ի համավարակի օրերին առկա ուսուցումը կազմակերպելու համար ԱՀԿ-ն, ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն հավանություն են տվել ԱՀԿ եվրոպական տեխնիկական խորհրդատվական խմբի կողմից մշակված ութ փորձագիտական խորհուրդներին․

1.    Դպրոցները պետք է լինեն վերջինը փակվող և առաջինը բացվող վայրերի շարքում:

2.    Մշակե՛ք թեստավորման ռազմավարություն:

3.    Ապահովե՛ք ռիսկերի մեղմացման արդյունավետ միջոցառումներ:

4.    Պաշտպանե՛ք երեխաների մտավոր և սոցիալական բարեկեցությունը:

5.    Պաշտպանե՛ք ամենախոցելի և մարգինալացված երեխաներին:

6.    Բարելավե՛ք դպրոցական միջավայրը:

7.    Երեխաներին և դեռահասներին ներգրավե՛ք որոշումների կայացման գործում:

8.    Իրականացրե՛ք պատվաստումների ռամավարություն, որ կօգնի երեխաներին դպրոցում պահել։

Նմանատիպ նյութեր