211652_close_icon
views-count68260 դիտում article-date 20:05 03-10-2021

Ձեզ բացակա չենք դնի. Նորագավիթ թաղամասում ասեղ գցելու տեղ չկար. բացվեց 44-օրյա պատերազմում նահատակված նորագավթցի 7 հերոսների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշաղբյուր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Երևանի Նորագավիթ թաղամասի 13-րդ փողոցում ասեղ գցելու տեղ չկար:
 
Այնտեղ էին հավաքվել Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, առյուծածին 7 հերոս զինվորների հարազատները, ընկերները, այդ թվում՝ զինակից, Արցախյան 1-ին, ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների հարազատներ ու մասնակիցներ, որոնց ներկայությամբ տեղի ունեցավ հերոսներին նվիրված հուշաղբյուր-խաչքարի բացման արարողությունը:
 
Սպիտակ սավանը խաչքարի վրայից հանելուց հետո այն հոգևոր հովվի կողմի օծվեց, որից հետո ներկաները ունկնդրեցին կենդանի կատարմամբ երգեր՝ նվիրված հայ զինվորին, նորագավթցի հերոսներին:
 
Այսուհետ այդ վայրը նորագավթցիների համար դառնալու է սրբատեղի և ամեն անգամ այնտեղ ծաղիկներ խոնարհելուց մարդիկ տեղեկանալու են այդ հերոսների՝  19-ամյա Հայկ Թունյանի, 20-ամյա Սամվել Անտոնյանի, 31-ամյա Արթուր Խաչատրյանի, 48-ամյա Արմեն Զոհրաբյանի, 18-ամյա Էդգար Աղաբաբյանի, 22-ամյա Գոռ Հովակիմյանի և 19-ամյա Սեյրան Պետրոսյանի մասին:
 
Այս վայրում նշված հուշաղբյուր-խաչքարի կառուցման գաղափարը նորագավթցիների համար իսկական հերոս համարվող, արցախյան 44-օրյա պատերազմի առաջին օրվանից ամենաթեժ կետերում իր զինակից ընկերների հետ կենաց-մահու պայքար տված, իրեն վստահված առաջնագիծն՝ իր զինակիցների հետ ամուր պահած Գևորգ Սուքիասյանինն էր, ով նաև այդ պատերազմում վիրավորում էր ստացել:
 
Այդ գաղափարը մեծ ոգևորությամբ ընդունեցին Նորագավիթում. ահել ու ջահել, մեր ու մանուկ լծվեցին այդ գաղափարի իրականացմանը:
 
Գևորգին օգնության ձեռք մեկնեցին նաև մեծ թվով նորագավցիներ, այդ թվում՝ Կարեն Խաչատրյանը, Արման Խաչատրյանը, Ռաֆայել Աղախանյանը, Արթուր Օհանյանը, Հրաչյա Ալեքսանյանը, ապրիլյան քառոօրյա պատերազմում լեգենդար «Եղնիկներ» զորամասում իր լեգենդար հրամանատարի, Արցախի հերոս Կարեն Ջալավյանի ու մյուս զինակից ընկերների հետ հակառակորդին արժանի հակահարված տված, «պոստերն» անառիկ պահած Մհեր Խաչատրյանը:
 
Բացման արարողությանը ներկա էին Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի տեղակալներ Ալբերտ Հայրապետյանն ու Հովսեփ Գևորգյանը:
 
Միջոցառումից հետո բոլորը մեկնեցին Եռաբլուր զինվորական պանթեոն:
 
Այսօր Է. Աղաբաբյանի մահվան օրն է:
 
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ներկաներն ասում էին. «Այս վայրը՝ շնորհիվ Գևորգի ու մի քանի՝ Երևանը սիրող, զինվորին գնահատող նորագավթցիների աջակցության, սուրբ վայր դարձավ մեր համար: Անգամ շինարարության ժամանակ մարդիկ արդեն այցելում էին, դեռ խաչքարն ու ցայտաղբյուրը չդրած՝ խնկարկում էին, ծաղիկներ խոնարհում: Մենք՝ որպես նորագավթցիներ, էդ առյուծ ու արծիվ հերոս տղերքին բացակա չենք դնի: Նրանք հաղթել են պատերազմը, հաղթել են մինչև ատամները զինված թուրք-ադրբեջանական, հետո նրանց միացած վարձկան-ահաբեկիչներին:
 
Պատմությունը ոչ-ոք չի կարող կեղծել: Ու ինչ էլ լինի, ինչքան էլ ժամանակն անցնի, բոլորը հավերժ իմանալու են, որ էս տղերքը հանուն Հայաստանի ու Արցախի զոհաբերել են իրենց համար ամենաթանկը՝ կյանքը: Եվ իզուր չէ, որ թևավոր խոսք է դարձել. կյանքս՝ կյանքիդ համար»:
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 380+
380+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր