211652_close_icon
views-count13032 դիտում article-date 09:49 26-10-2021

Համաներում կհայտարարվի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս օրերին ակտիվ խոսակցություններ են տարածված ՔԿՀ-ներում այն մասին, որ արդարադատության նորանշանակ նախարարը նոյեմբերի վերջ դեկտեմբերի սկիզբին համաներում կհայտարարի: Ի դեպ, ըստ լուրերի, այս համաներումը կապ չունի զինվորականների համաներման հետ:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Արդարադատության նախարարություն, որտեղից ասացին, որ իրենք նման տեղեկատվություն չունեն: Հիշեցնենք, որ կառավարությունը մտադիր է համաներել 44-օրյա պատերազմին մասնակցած այն քաղաքացիներին, որոնք անցնում են զինվորական ծառայության կարգի դեմ քրեական գործերով։ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում շրջանառվում է Քննչական կոմիտեի առաջարկած «Համաներման մասին» օրենքի նախագիծը։

Կոմիտեն իր առաջարկի նպատակ է ներկայացնում պատերազմի օրերին Հայաստանի զինված ուժերի կողքին կանգնած քաղաքացիներին գնահատելը եւ ընդգծում՝ «սրանով ցուցաբերվում է մարդասիրական մոտեցում զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ»:

Թեեւ վիճակագրություն չի նշվում, ու հայտնի չէ, թե ընդունելու դեպքում քանի հոգու վրա կտարածվի համաներումը, բայց նախագծում նշվում է, որ կհամաներվեն ինչպես մինչեւ պատերազմի սկիզբը՝ սեպտեմբերի 26-ը ներառյալ ոչ մեծ եւ միջին ծանրության հանցանք կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ այդ հանցանքը կատարելու համար դատապարտված անձինք, այնպես էլ ռազմական գործողությունները դադարելուց հետո՝ նոյեմբերի 9-ից մինչեւ մարտի 24-ը զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցանք կատարելու համար դատապարտված զինծառայողները»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր