211652_close_icon
views-count1222 դիտում article-date 10:57 16-12-2021

Վերաֆինանսավորումը կզսպի՞ գնաճը․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Դեկտեմբերի 14-ին Հայաստանի կենտրոնական բանկը բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ այն հասցնելով 7.75 տոկոսի։ Սա այս տարվա ընթացքում երրորդ բարձրացումն էր: Ինչո՞վ էր դա պայմանավորված, եւ, արդյոք, այդ քայլը թույլ կտա՞ զսպելու գնաճը։

«Բնականաբար, սա պայմանավորված է արտաքին միջավայրում գնաճային նոր ճնշումներով, ինչը գնաճի նոր ալիք է ստեղծելու Հայաստանի ներքին շուկայում։ Սակայն, ինչպես եւ նախորդ դեպքերում, սա էական ազդեցություն չի ունենա գնաճը զսպելու առումով, բայց տնտեսական աճը զսպելու առումով իր բացասական դրսեւորումները կունենա: Հայաստանի տնտեսությունը դեռեւս վերջնականապես դուրս չի եկել ճգնաժամի փուլից, եւ դրամավարկային քաղաքականության նման կոշտացումը չի նպաստելու ճգնաժամի հետեւանքների արագ հաղթահարմանը: Իհարկե, ԿԲ-ն առաջնորդվում է Սահմանադրությամբ իրեն վերապահված հիմնական նպատակներով, այն է՝ գների եւ ֆինանսական կայունության ապահովում: Սակայն մի հարց է, երբ գնաճը ներքին տնտեսության խնդիրներով է պայմանավորված, եւ մեկ այլ հարց, երբ այն ունի համաշխարհային բնույթ: Եթե չփորձենք տարբերակել այս երկու գործոնը, ապա, ամենայն հավանականությամբ, կիրառված գործիքակազմը կարող է անարդյունավետ լինել»,- «ՀՀ»-ի հետ զրույցում պարզաբանեց տնտեսագետ, կառավարման փորձագետ Կարեն Սարգսյանը։

Նրա խոսքերով՝ բազմիցս նշվում է, որ Հայաստանում գնաճը տարածաշրջանի այլ գործընկեր երկրների համեմատ փոքր-ինչ ավելի ցածր է։ Սա թեեւ առաջին հայացքից դրական փաստարկ է, սակայն պետք է նախեւառաջ հասկանալ դրա հիմնական պատճառը. «Իսկ պատճառը հետեւյալն է՝ Հայաստանում 2020 թ. համավարակի ազդեցությունների հաղթահարման նպատակով տնտեսության մեջ ներարկված ֆինանսական միջոցները բավական սուղ էին՝ կազմելով մոտ 300 մլն դոլար կամ ՀՆԱ-ի մոտ 2.5 տոկոսը, իսկ եթե դրանից հանենք բանկային համակարգի միջոցով տրամադրված միջոցները (վերջիններս նորից վերադարձվելու են), ապա՝ անհամեմատ ավելի քիչ։ Սա էականորեն չի ազդել համախառն պահանջարկի եւ տնտեսական ակտիվության վրա, ինչի արդյունքը 2020-ին արձանագրված 7.6 տոկոսանոց անկումն էր, որն էականորեն ավելի մեծ էր, քան հարեւան երկրներում. Վրաստան՝ – 6.2 տոկոս, Ադրբեջան՝ – 4.3 տոկոս։ Համեմատության համար նշեմ, որ հակաճգնաժամային աջակցության ծավալը Վրաստանում կազմել է շուրջ 1 մլրդ դոլար կամ ՀՆԱ-ի 7 տոկոսը՝ ավելի քան 3 անգամ ավելի շատ, քան մեր երկրում։ Սա նպաստել է տնտեսական ակտիվության խթանմանը եւ ճգնաժամի հետեւանքների ավելի արագ հաղթահարմանը, չնայած նրան, որ Վրաստանում սահմանափակումներն ավելի կոշտ ու երկարաժամկետ են եղել, քան մեզ մոտ»»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր