211652_close_icon
views-count2084 դիտում article-date 10:47 18-12-2021

Ինչու են մարդիկ ձգտում իշխանության․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Այդ հարցին պատասխանելու համար հիշենք մի շատ հայտնի հոգեբանական փորձի մասին, որն արվել է 1971 թվականին Սթենֆորդի համալսարանում:

Սոցիալական հոգեբան Ֆիլիպ Զիմբարդոն առաջարկել է կամավորներին բաժանվել երկու խմբի, որոնցից մեկը «կխաղար» կալանավորների, իսկ մյուսը՝ բանտապետների դերը: Շատ արագ վերջիններիցս շատերը լիովին մտան դերի մեջ եւ սկսեցին դրսեւորել որպես սադիստներ, իսկ «խաղարկային բանտը» շուտով չէր տարբերվում նացիստական համակենտրոնացման ճամբարից:

Երբ 2004 թվականին հայտնի դարձավ, որ Իրաքի Աբու-Գրեյբ ամերիկյան ռազմական բանտում զինվորները նվաստացնում եւ կտտանքների էին ենթարկում կալանավորներին (առանց որեւէ նպատակի, պարզապես «հաճույքի» համար), Զիմբարդոյին հրավիրեցին սադիստական հակումներ դրսեւորած զինծառայողների հետ աշխատելու: Հետեւությունը նույնն էր, ինչ-որ Սթենֆորդյան փորձի դեպքում. նորմալ, հոգեպես առողջ մարդիկ են, շատերը լավ ամուսիններ եւ հայրեր են, ծնողների մասին հոգ տանող զավակներ: Պարզապես իրենց վարքային մոդելն այդպես են պատկերացնում եւ շատ արագ մտնում են դերի մեջ:

Հայկական վարքային ստանդարտները իշխանության պարագայում լավագույնս ձեւակերպվում են «Քաջ Նազար» հեքիաթում, երբ գլխավոր հերոսն իր ստացած աթոռից վերջնականապես շշմած, էլ չգիտի, թե ինչ հրահանգներ տա՝ ինքնահաստատվելու համար ու սկսում է իր նազիր-վեզիրներին հրամայել՝ «գյադեք, էս կողմ, գյադեք, էն կողմ»: Ահա եւ պատասխանը. սովորաբար իշխանության են ձգտում մարդիկ, որոնք ինքնահաստատման սուր կարիք ունեն, իսկ երբ հասնում են իրենց նպատակին, մտնում են դերի մեջ, եւ նրանց անընդհատ մեծարանքի ու քծնանքի «նոր դոզաներ» են պետք: 

Փողը, «պադավատները», «դաչաները», «ախրանան» եւ այլն՝ դրանք ինքնահաստատման մասնավոր դրսեւորումներ են, որոնք շատ դեպքերում կարող են եւ չլինել: Կարեւորը իշխելն է, հրահանգներ տալը, դիրքն օգտագործելով՝ մարդկանց նվաստացնելը եւ այդ ամենից ներքին բավարարվածություն զգալը: Մի խոսքով՝ ինքնահաստատվելը: «Ախ, դուք ինձ բավականաչափ չե՞ք մեծարում, հիմա ես ձեզնից աթոռները կխլեմ, ամբողջ օրը ոտի վրա կկանգնեք»՝ մանր հարց է, բայց չափազանց բնութագրական: Ի դեպ, հավաքարարին, թե բարձր «նաչալնիկին», իմ կարծիքով, հարգում են անձնական հատկանիշների, ոչ թե պաշտոնի բերումով:

Իր ուսումնասիրությունները Զիմբարդոն ամփոփել է գրքում, որը կոչվում է «Լյուցիֆերի էֆեկտը. ինչու են լավ մարդիկ չարագործ դառնում»: Կարծում եմ, ասվածի համատեքստում այդ հարցի պատասխանը նույնպես պարզ է»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր