211652_close_icon
views-count1119 դիտում article-date 17:28 03-02-2022

Դատական իշխանության նկատմամբ հարձակումները և իրավական ամենաթողությունը հասել են աննախադեպ ծավալների․ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններ

ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ հայտարարություն են տարածել․

«Հայաստանում գործադիր իշխանությունը հերթական հարձակումն է նախաձեռնել դատարանների անկախության նկատմամբ:

Քաղաքակիրթ աշխարհում աննախադեպ է, որ դատավորի կայացրած դատական ակտը վերաքննության կարգով բողոքարկելու փոխարեն իրավապահները քրեական հետապնդման ենթարկեն դատավորին: Նշվածը ստեղծելու է մի իրավիճակ, երբ դատական համակարգն այլևս վերածվելու է իրավապահների կախյալ գործիքի:

Այս ապօրինությունների շղթան տեղի է ունեցել Բարձրագույն դատական խորհրդի միաձայն աջակցությամբ և միջազգային հանրության, Հայաստանում հավատարմագրված դեսպանների լռության ներքո:

Հատկանշական է, որ, չնայած վերջին չորս տարիների ընթացքում դատական համակարգի նկատմամբ գործադիրի իրականացրած բազմաթիվ խայտառակ հարձակումներին, վերջին շրջանում իշխանությունների համար անցանկալի դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներին, քրեական հետապնդումներին, այժմ արդեն դատավորին ապօրինի կալանավորելու գործընթաց է սկիզբ առել:

Վարչական դատարանի, Դատավորների միության նախագահի և մասնագիտական հանրույթի՝ հրապարակային կերպով արտահայտած մտահոգությունները վկայում են, որ դատական իշխանության նկատմամբ իրականացվող հարձակումները և իրավական ամենաթողությունը հասել են աննախադեպ ծավալների։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ կոչ ենք անում բոլոր առողջ քաղաքական և հասարակական ուժերին, փաստաբանական համայնքին՝ լծվել դատական իշխանությանը և դատավորներին իշխանական հարձակումներից պաշտպանելու գործին, դատական իշխանության մարմիններին, դատավորներին` անմասն չմնալ իրենց գործընկերների նկատմամբ կիրառվող բռնաճնշումների վերաբերյալ հստակ դիրքորոշում արտահայտելուց:

Միջազգային կառույցների ուշադրությունն ենք հրավիրում և պահանջում, իրենց մանդատներին համապատասխան, արձագանքել ՀՀ-ում ժողովրդավարության տապալման աղաղակող փաստերին եւ գիտակցել իրենց պատասխանատվության բաժինը»։

Նմանատիպ նյութեր