211652_close_icon
views-count6337 դիտում article-date 13:22 09-02-2022

Այսօր Վահան Տերյանի ծննդյան օրն է. փոքրիկ Վահանը այցելեց մեծանուն պոետի շիրիմին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 9-ին, հայ մեծանուն պոետ Վահան Տերյանի ծննդյան օրն է։ Պոետի շիրիմին էր այցելել Վահան Էմին-Տերյանը՝ պոետի ծոռան՝ գրականագետ Գևորգ Էմին-Տերյանի որդին։

Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր,
Գիշերի պես խորհրդավոր.
Քո մեղավոր, խորհրդավոր աչքերը մութ,
Որպես թովիչ իրիկնամուտ։
Քո աչքերի անծայր ծովում մեղքն է դողում,
Որպես գարնան մթնշաղում։
Քո աչքերում կա մի քնքուշ բախտի վերհուշ,
Արբեցումի ոսկե մշուշ։
Մոլորվածին անխոս կանչող փարոսի շող,
Քո աչքերը հոգի տանջող։
Ես սիրում եմ գգվող-անգութ աչքերըդ մութ,
Որպես գարնան իրիկնամուտ։
․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

Մի՛ խառնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին,
Մեր երկիրը ավերված, բայց սուրբ է և հին:
Որպես լեռն է մեր պայծառ տեսել հազար ձյուն,
Այնպես նոր չեն մեզ համար դավ ու դառնություն:
Բաբելոնն է եղել մեր ախոյանը, տե՛ս -
Անհետ կորել, անցել է չար մշուշի պես:
Ասորիքն է եղել մեր թշնամին - ահա՛
Դաշտ է տեղը և չկա քար քարի վրա:
Ամրակուռ է մեր հոգին - դարերի զավակ
Շատ է տեսել մեր սիրտը ավեր ու կրակ:
Շատ է տեսել երկիրն իմ ցավ ու արհավիրք,
Լաց է այնտեղ ամեն երգ և ողբ`ամեն գիրք:
Գերված ենք մենք, ո՛չ ստրուկ - գերված մի արծիվ,
Չարության դեմ վեհսիրտ միշտ, վատի դեմ ազնիվ:
Բարբարոսներ շատ կգան ու կանցնեն անհետ,
Արքայական խոսքը մեր կմնա հավետ:
Չի հասկանա ձեր հոգին և ծույլ, և օտար,
Տաճար է մեր երկիրը` սուրբ է ամեն քար:
Եգիպտական բուրգերը փոշի կդառնան,
Արևի պես, երկիր իմ, կվառվես վառման:
Որպես փյունիկ կրակից կելնես, կելնես նոր
Գեղեցկությամբ ու փառքով վառ ու լուսավոր:
Արիացի՛ր, սիրտ իմ, ե՛լ հավատով տոկուն,
Կանգնիր հպարտ որպես լույս լեռն է մեր կանգուն:
․․․․․․․․․․․․․․․

Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի,
Մա՞հն է արդյոք, թե նի՞նջը քեզ
Պատել, պայծա՛ռ Նաիրի։
Վտարանդի, երկրում աղոտ,
Լուսե՜ղ, քեզ եմ երազում,
Եվ հնչում է, որպես աղոթք,
Արքայական քո լեզուն։
Հնչում է միշտ խոր ու պայծառ,
Եվ խոցում է, և այրում.
Արդյոք բոցե վարդե՞րդ են վառ,
Թե՞ վերքերն իմ հրահըրուն։
Ահով ահա կանչում եմ քեզ՝
Ցոլա՛, ցնորք Նաիրի՛.-
Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի...


Վահան Տերյան

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր