211652_close_icon
views-count12632 դիտում article-date 17:44 08-03-2022

Ուկրաինայում արգելվել է լքել երկիրը՝ զինակոչի տարիքում գտնվող այդ թվում հայ տղաներին. Խարկովում ՀՀ պատվավոր հյուպատոսի օգնական

Ուկրաինայից այս պահին մարդկանց, այդ թվում՝ հայերի տարհանման համար տարբեր ճանապարհներ կան, որից մեկը գնացքն է, որն աշխատում է ամեն օր՝ սպասարկելով օրական մի քանի ուղղություն։ Ճիշտ է՝ ճանապարհը շատ դժվար է, երկար և ոչ հարմարավետ, բայց, ամեն դեպքում, շատ հայ ընտանիքներ, արդեն իսկ, գնացքով մեկնել են Լվով, շատերը մնացել են երկրի արևմտյան շրջաններում, ոմանք էլ այնտեղից մեկնել են եվրոպական երկրներ կամ պատրաստվում են վերադառնալ հայրենիք,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Խարկովում ՀՀ պատվավոր հյուպատոսի օգնական Համլետ Հովհաննիսյանը՝ խոսելով Ուկրաինայում գտնվող հայազգի բնակիչների տարհանման խնդիրների մասին։

Նրա փոխանցմամբ՝ հեռանալու համար կա նաև մեքենայի ճանապարհ. «Բոլոր նրանց համար, ովքեր ունեն սեփական օգտագործման փոխադրամիջոց, կա նաև այս տարբերակը, սակայն, սա խիստ վտանգավոր և անհարմար միջոց է՝ լքելու տարածքը։ «Երկրի արևմտյան մասեր հասնելու համար մեքենայի ճանապարհով Խարկովից մինչև Լվով երեքից չորս օր է տևում, բայցի այդ՝ գոյություն ունեն պարետային ժամեր, որի ընթացքում մեքենայով երթևեկելն, ուղղակի, անհնար է դառնում», - նշել է նա։

Խոսելով Խարկովում այս պահի դրությամբ մնացած հայ ընտանիքների մասին՝ Համլետ Հովհաննիսյանը նկատում է՝ հայ համայնքից շատերն են փորձում տեղափոխվել ավելի անվտանգ վայրեր, հենց հիմա էլ կան որոշ ընտանիքներ, որոնք դեռևս միջոց չեն գտել՝ քաղաքը լքելու համար. «Մենք նրանց հետ անընդհատ կապի մեջ ենք, օգնում ենք, տեղեկատվություն ենք տրամադրում, թե ի՞նչ մեթոդներով կարող են դուրս գալ քաղաքից, անհրաժեշտության դեպքում՝ էվակուացման հարմար տարբերակներ ենք փնտրում, եթե կարիք կա՝ պարեն և դեղորայք ենք տրամադրում»։

«Փաստինֆո»-ն ահազանգեր էր ստացել Ուկրաինայում ապրող հայերից, որ զինակոչի տարիքում գտնվող երիտասարդներին թուլ չեն տալիս հեռանալ երկրից, նրանց հետ միասին մնում են նաեւ նրանց ընտանիքների հարազատները, ինչին արձագանքելով Համլետ Հովհաննիսյանը փաստել է, որ, այդ թվում ազգությամբ հայ զինակոչման տարիքում գտնվող տղաներին արգելվել է լքել երկիրը. «Անկախ ազգությունից, բոլոր այն տղաները, ովքեր համարվում են Ուկրաինայի քաղաքացի, նրանց էվակուացումն օրինական կարգով արգելվում է։ Սա օրենք է, որի առաջ հավասար են Ուկրաինայի հանրապետության քաղաքացի հանդիսացող ցանկացած արական սեռի ներկայացուցիչ՝ անկախ ազգությունից։ Համայնքը, նույնպես, այս պարագայում չի կարող որևէ դեր խաղալ, օրենքը խախտել չի թույլատրվում ոչ մի տեղ, ոչ մի պարագայում»,- ասում է Խարկովում ՀՀ պատվավոր հյուպատոսի օգնականը։

Վերջինս չուներ հստակ տեղեկատվություն, թե այս պահի դրությամբ քանի հայ է հեռացել Ուկրաինայից, նրանցից քանիսն են վերադարձել Հայաստան։ Համլետ Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ այդ տվյալները, հավանաբար, Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը կամփոփի պատերազմական գործողություններից հետո՝ նշելով, որ տեխնիկական պատճառներով հիմա դա, նույնիսկ, անհնար է իրականացնել։ Չկա նաև ստույգ տեղեկատվություն այն մասին, թե ռազմական գործողությունների արդյունքում հայազգի քանի՞ վիրավոր և զոհված անձ կա.«Խարկովում ռազմական գործողությունների արդյունքում, մարտի 1-ի դրությամբ, հայ ընտանիքի անդամներ են վիրավորվել։ Նրանք վիրահատության են ենթարկվել, վիրահատությունը բարեհաջող է անցել և հիմա, արդեն, ապաքինման փուլում են։ Թե որքա՞ն վիրավոր կամ զոհված հայ կա Ուկրաինայում վերջին ռազմական գործողությունների արդյունքում, այս պահին դեռևս պաշտոնական որևէ տվյալ չկա։ Մեր ունեցած տեղեկություններով Խարկովում հայազգի զոհեր չկան»,- ասում է Խարկովում հյուպատոսի օգնականը։

Ինքը՝ Համլետ Հովհաննիսյանն, ընտանիքի հետ միասին մինչև վերջին օրերը շարունակել է գտնվել Խարկով քաղաքում և միայն օրեր առաջ, երբ այնտեղ մնալն այլևս անհնարին է դարձել՝ հրետակոծությունների և պայթյունների ինտենսիվության պատճառով, ընտանիքի անդամների հետ միասին տեղափոխվել է Խարկովի հարակից բնակավայրերից մեկը։ Ասում է՝ պարենի խնդիր այս պահի դրությամբ չունեն, ավելին՝ հայկական եկեղեցին հոգում է նույնիսկ շատերի պարենի հարցը՝ անկախ ազգությունից.

«Բոլոր նրանք, ովքեր ունեն պարենի և դեղորայքի խնդիր, նախապես հայտարարված ժամերին կարող են այցելել հատուկ նշված վայրեր, որտեղից կստանան իրենց անհրաժեշտ մթերքն ու դեղորայքը։ Հարկ եղած դեպքում, ես՝ սեփական օգտագործման մեքենայով, մեկնում եմ քաղաք՝ անհրաժեշտ օգնություն կամ որևէ խնդիր լուծելու համար։ Ամեն դեպքում, այսպիսի իրավիճակում հայտնված երկրում առաջին անհրաժեշտության պարագաների, հատկապես՝ պարենի և դեղորայքի խնդիր է առաջանում, սակայն, քաղաքային իշխանությունների և տարբեր անհատների, այդ թվում նաև՝ հայազգի անհատների նախաձեռնության շնորհիվ, այդ հարցը պատշաճ կերպով լուծում է ստանում»,- ասել է Խարկովում ՀՀ պատվավոր հյուպատոսի օգնական Համլետ Հովհաննիսյանը։

Նմանատիպ նյութեր