211652_close_icon
views-count2591 դիտում article-date 20:32 19-04-2022

ՀՀ վարչապետի` ՌԴ պաշտոնական այցի շրջանակում երկու երկրների միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի շրջանակում մերձմոկսովյան Նովո-Օգորյովո նստավայրում տեղի է ունենում ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:

Ողջունելով Վարչապետ Փաշինյանին` ՌԴ նախագահը նշել է. «Հարգելի Նիկոլ Վլադիմիրի, շատ ուրախ եմ Ձեզ տեսնել:

Ձեր այցը նվիրված է մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին: Գիտեմ, որ շատ մեծ ծրագիր ունեք` հանդիպում կառավարության ղեկավարի, Դաշնային ժողովի ղեկավարության հետ, այնուհետև այց Նիժնի Նովգորոդ: Նախատեսված է նաև մի շարք փաստթղթերի ստորագրում:

Մենք մեր իրավական հարաբերություններում ունենք 200 փաստաթղթերի հարուստ բազա` ստորագրված նախորդ տարիներին: Սա գործնականում լավ հնարավորություն է տալիս աշխատել բոլոր ուղղություններով, առաջնայիններից մեկը տնտեսությունն է: 2021 թվականին մենք ունեցել ենք 12,8 տոկոսի աճ` համաձայն մեր վիճակագրության, իսկ այս տարվա առաջին ամիսներին 50 տոկոսի աճ: Սա շատ լավ ցուցանիշ է, հատկապես ժամանակակից աշխարհում:

Իհարկե, մեր ուշադրության կենտրոնում են լինելու անվտանգության հարցերը, այդ թվում` կապված Ղարաբաղի հետ: Համաձայն եմ Ձեզ հետ, խնդիրները շատ են, մենք Ձեզ հետ մշտական կապի մեջ ենք, եթե ոչ ամեն շաբաթ, ապա յուրաքանչյուր 10 օրը մեկ զրուցում ենք հեռախոսով: Նաև չնայած պանդեմիային, ունենք կանոնավոր հանդիպումներ: Շատ ուրախ եմ Ձեզ տեսնել, բարի գալուստ»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշել է. «Շնորհակալություն Վլադիմիր Վլադիմիրի, առաջին հերթին թույլ տվեք շնորհակալություն հայտնել պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնություն հրավիրելու համար:

Ինչպես ասացիք, այս այցն ունի ոչ միայն գործնական, այլ նաև խորհրդանշական նշանակություն, որովհետև նվիրված է մեր երկրների դիվանագիտական հարաբերությունների  հաստատման 30-ամյակին  և ցույց է տալիս, որ մեր երկրների միջև հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակում: Հույս ունեմ, որ այս այցի արդյունքներով այդ դինամիկան ոչ միայն կշարունակվի, այլ նաև կլինի առավել արդյունավետ:

Մենք իսկապես գտնվում ենք մշտական կապի մեջ, շատ հաճախ հանդիպում ենք, մշտապես ունենում ենք հեռախոսազրույցներ, քանի որ մեր երկկողմ հարաբերությունների օրակարգը շատ հագեցած է, գործնականում բոլոր ոլորտներում` սկսած տնտեսությունից, ավարտած մշակույթով, կրթությամբ և ռազմատեխնիկական համագործակցությամբ: Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի ռազմավարական գործընկերը, մենք արդյունավետ փոխգործակցում ենք Եվրասիական տնտեսական միությունում, ԱՊՀ-ում, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Ռուսաստանն ունի առանցքային դերակատարություն մեր տարածաշրջանում անվտանգության և կայունության  ապահովման գործում:

Պետք է ևս մեկ անգամ ընդգծեմ Ձեր առանցքային դերը 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման և հրադադարի հաստատման  գործում: Դրանից հետո ռուս խաղաղապահները գործում են Լեռնային Ղարաբաղում և պետք է ընդգծել, որ ընդհանուր առմամբ, իհարկե, ռուս խաղաղապահների գործունեությունն ապահովում է անվտանգությունը և թվում է` պետք է նայել, թե ինչ կարելի է անել, որպեսզի խաղաղապահների գործունեությունը դարձնել առավել արդյունավետ:

Իհարկե, գլխավոր քաղաքական հարցը մեր տարածաշրջանում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումն է, հույս ունեմ, որ այսօր այդ մասին նույնպես կխոսենք: Իսկապես, իմ այցն ունի շատ հագեցած օրակարգ, որի մեծ մասը կապված է այս բանակցությունների հետ: Վստահ եմ, մեզ կհաջողվի անցկացնել արդյունավետ բանակցություններ, շնորհակալություն եմ հայտնում և շատ ուրախ եմ Ձեզ տեսնել»:

Ամփոփելով` Վլադիմիր Պուտինն ասել է. «Դուք հիշատակեցիք մշակույթի ոլորտում մեր համագործակցությունը, մեզ մոտ Ձեր այցի և դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի կապակցությամբ անցկացվում են Հայաստանի մշակույթի օրեր, իսկ Հայաստանում տեղի են ունենում Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր: Կարծում եմ` սա նույնպես մեր ուշադրությունը կգրավի այս հանդիպման ընթացքում»:                   

* * *

ՀՀ վարչապետի` ՌԴ կատարած պաշտոնական այցի շրջանակում երկու երկրների միջև ստորագրվել է հետևյալ փաստաթղթերը.

«Հայաստանի Հան­րապետության աշխա­տան­քի և սոցիալական հարցերի նախարարության և Ռուսաստանի Դաշնության աշխա­տանքի և սոցիալական հարցերի նախարա­րության միջև սոցիալ-աշխատանքային ոլոր­տում համագոր­ծակ­ցու­թյան մասին» հուշագիր,

«Հայաստանի Հան­­րապետության ար­դա­­րադատության նախարարության հար­կա­դիր կատարման ծառաության և Ռուսաս­տանի Դաշնության դատական կարգադրիչների դաշնային ծառայության միջև 2022-2023թթ.» համա­գոր­ծակցության ծրագիր,

«Էներգետիկական և ոչ էներգետիկական նախագծերի բնագա­վա­ռում հայ-ռուսական համագործակցության համալիր ծրագիր»,

«Ռուսաստանի Դաշ­նության անասնաբու­ժա­կան և բուսասանի­տա­րական վերահսկողության դաշնային ծառայության կառավարության և Հայաստանի Հանրապետու­թյան սննդի անվտան­գության տեսչական մարմ­­նի միջև՝ բույսերի կարանտինի ոլորտում տեղեկատվական հա­մա­­­կար­գերի ինտեգր­մանն անցնելու վերաբերյալ» արձա­նագ­րություն,

«Հայաստանի Հան­րապետության կրթու­թյան, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Ռուսաստանի Դաշնու­թյան մշակույթի նախա­րա­րության միջև 2022-2025թթ. մշակույթի ոլոր­տում համագործակ­ցու­թյան մասին» ծրագիր,

«Հայաստանի Հան­րապետության արդարադատության նախարա­րու­թյան և Ռուսաստանի Դաշնության արդարա­դա­­տության նախարա­րության միջև 2022-2023թթ. համագործակցության ծրագիր»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր