211652_close_icon
views-count1617 դիտում article-date 10:15 27-04-2022

Թուրքիան ստիպված է լինելու առերեսվել իր անցյալի հետ․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ապրիլի 25-ին ավտորիտար ռեժիմի լիդերի մաստեր կլաս ցույց տվեց Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանը: Կառավարության նիստից հետո ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում նա հայտարարեց, որ երկրի խորհրդարանում տեղ չկա քրդամետ կուսակցության պատգամավոր Կարո Փայլանի համար, քանի որ նա 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագիծ է ներկայացրել Թուրքիայի խորհրդարան։

Թուրքիայի առաջնորդի հակաժողովրդավարական գործողությունները հասել են իրենց գագաթնակետին, եւ նա կարծում է, որ արդեն կարող է ժողովրդավարության հենասյուն համարվող ընդհանուր հավասար ընտրությունների արդյունքում ժողովրդի կողմից ընտրված ժողովրդավարական թիվ 1 կառույցի՝ խորհրդարանի անդամին զրկել այն մանդատից, որը նրան տվել է ընտրողը: Սա, թերեւս, ժողովրդավարությանը հասցված Էրդողանի ամենաուժեղ հարվածն է:

Թուրքիայի նախագահն այդքանով չի սահմանափակվել: Նույն օրը Անկարայի դատախազությունը Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա՝ ապրիլի 24-ից հետո հետաքննություն է սկսել ընդդիմադիր մեկ այլ՝ Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Մուստաֆա Սեզգինի դեմ ցեղասպանության մասին իր թվիթերյան գրառման համար։ Հետաքննությունն իրականացվում է Թուրքիայի քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ՝ «Հրապարակային վիրավորանք թուրքական պետությանը» հոդվածով, որը մինչեւ երեք տարի ժամկետով ազատազրկում է նախատեսում։

Մինչ այդ էլ Ստամբուլի դատարանը թուրք ֆիլանտրոպ եւ իրավապաշտպան, հասարակական գործիչ Օսման Քավալային դատապարտեց ցմահ ազատազրկման։ Նա մեղադրվում է 2013-ին զանգվածային ցույցերին մասնակցելու եւ կառավարությունը տապալելու փորձի համար։ Յոթ այլ մեղադրյալներ դատապարտվել են 18 տարվա ազատազրկման նրան աջակցելու համար: Քավալան նույնպես Հայոց ցեղասպանության ճանաչման թուրք առաջամարտիկներից է, նա տարիներ առաջ  այցելել է Երեւան, հարգանքի տուրք մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր