211652_close_icon
views-count1509 դիտում article-date 15:41 24-05-2022

Միջազգային կազմակերպությունների՝ ԼՂ մուտք գործելու անկարողությունը սրում է իրավիճակը. Անահիտ Ավանեսյանի ելույթը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Առողջապահության համաշխարհային 75-րդ վեհաժողովին հանդես է եկել ելույթով: Նախարարն անդրադարձել է COVID-19 համավարակի պատվաստումների գործընթացին, հոգեբանական և հոգեբուժական ծառայությունների պահանջարկին, Հայաստանում Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման ծրագրին և Արագ արձագանքման բժշկական թիմի գործունեությանը, Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի հոգեսոցիալական և առողջապահական հարցերին:

«Մեծ պատիվ է մասնակցել Առողջապահության համաշխարհային 75-րդ վեհաժողովին, և անհրաժեշտ է գնահատել այն փաստը, որ COVID-19 համավարակի պատճառով առաջացած երկարատև դադարից հետո մենք հնարավորություն ունենք ֆիզիկապես ներկա գտնվելու այստեղ` Ժնևում: Ուրախ եմ նշել, որ համավարակը որոշ չափով նահանջել է` թույլատրելով Հայաստանին վերաբացել և վերապրոֆիլավորել հիվանդանոցները, որպեսզի կարողանանք սպասարկել բնակչության ավելի մեծ հատվածին: Թերևս ականատես եղանք աշխարհում պատվաստանյութերի ընդհանուր սակավությանը, COVID-19 համավարակի ընթացքում պատվաստումների գործընթացի ընդհատումների պատճառով երեխաների պատվաստումների թիվը զգալիորեն տուժել է:


Ուրախ եմ նշել, որ այս առումով մենք ունենք առաջընթաց, քանի որ Հայաստանում երեխաների պատվաստումների թիվը 2020-2021 թվականների համեմատ զգալիորեն բարելավվել է, բոլոր տարիքային խմբերի ամբողջական ծածկույթը 90%-ից բարձր է: Օգտվելով առիթից` ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր գործընկեր երկրներին և կազմակերպություններին` COVID-19-ի դեմ պայքարում վերջին 2 տարվա ընթացքում անգնահատելի աջակցության, անհրաժեշտ և կյանքը փրկող պատվաստանյութերի մատակարարման համար: Համավարակի արդյունքում Հայաստանում գրանցվել է հոգեբանական և հոգեբուժական ծառայությունների պահանջարկի զգալի աճ: Մեր կառավարությունը տրամադրում է անվճար հոգեբանական խորհրդատվություն` քովիդ հիվանդանոցներում գտնվող քաղաքացիներին, բուժաշխատողներին և խոցելի խմբերին: Մարտի 22-ին մենք ստեղծել ենք «Հոգեկան առողջության» կոալիցիա` կառավարական գերատեսչությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և ասոցիացիաների ավելի քան 40 ներկայացուցիչների մասնակցությամբ: Պատիվ ունեմ լինելու համաեվրոպական հոգեկան առողջության կոալիցիայի մի մասնիկը և վստահ եմ, որ այն հնարավորություն կտա ապահովելու մեր քաղաքացիների հոգեկան բարեկեցությունը բոլոր ժամանակներում:

Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմը ևս նպաստել է հոգեսոցիալական աջակցության պահանջարկի մեծացմանը՝ առողջությանն առնչվող այլ մարտահրավերներին զուգահեռ։ Նպաստող գործոններից մեկն էլ Ադրբեջանի շարունակական հրաժարումն է ռազմագերիներին հայրենադարձ անելուց՝ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը: Ավելին` պատերազմի ժամանակ հաշմանդամ դարձած զինծառայողներին օգնությունը հատուկ ուշադրություն է պահանջում, հատկապես պրոթեզների ձեռք բերման համար։ Միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ԱՀԿ-ի, Լեռնային Ղարաբաղ մուտք գործելու անկարողությունը՝ Ադրբեջանի քաղաքական դիրքորոշման պատճառով սրում է իրավիճակը՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին զուրկ թողնելով հումանիտար և բժշկական օգնությունից:

Հարգելի՛ գործընկերներ, երկար ժամանակ է, ինչ պատրաստվում ենք ներկայացնել Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման ծրագիրը Հայաստանում, սակայն համավարակի պատճառով մեր ժամկետները փոփոխվել են: Այժմ ապահովագրական սխեմայի ներդրման համահունչ քաղաքականության մշակման գործընթացում ենք, որը հասանելի կլինի արդեն հաջորդ տարի, միաժամանակ ծավալուն աշխատանքներ են տարվում առողջության առաջնային պահպանման օղակի հզորացման ուղղությամբ: Գիտակցելով ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում արտակարգ իրավիճակներում արձագանքելու որակյալ բժշկական հզորությունների ստեղծման կարևորությունը` ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԱՀԿ-ի կողմից դասակարգվող Արագ արձագանքման բժշկական ազգային թիմ ստեղծելու նախաձեռնությանը:

Ուրախ եմ նաև տեղեկացնել, որ հոկտեմբերին Հայաստանում տեղի կունենա Արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ հանդիպումը` համախմբելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության բոլոր վեց շրջաններից Արագ արձագանքման բժշկական թիմերի տարբեր խմբերի համայնքները», - նշել է ՀՀ առողջապահության նախարարը։

Նմանատիպ նյութեր