211652_close_icon
views-count1122 դիտում article-date 21:41 18-07-2022

Նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի հետ։

Նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում շարունակական համագործակցությանը, մասնավորապես՝ ոլորտային ռազմավարությունների մշակմանն, անապահովության գնահատման համակարգի վերանայմանը, խնամատարության ինստիտուտի զարգացմանը, երեխաներին տրամադրվող ծառայությունների բարելավմանն առնչվող մի շարք հարցեր։

Բարձր գնահատելով հիմնադրամի հետ տարիների համագործակցությունն ու իրականացված ծրագրերի արդյունավետությունը՝ նախարար Նարեկ Մկրտչյանը շեշտել է կազմակերպության դերը՝ հատկապես 2020 թ․ պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված և ՀՀ-ում գտնվող երեխաների աջակցության տրամադրման գործում։

Անդրադառնալով նախարարության կողմից իրականացվող բարեփոխումներին՝ նախարարն ընդգծել է Աշխատանքի և սոցիալական պաշտպանության 2022-2026 թթ․ համապարփակ ռազմավարության մշակման ուղղությամբ հիմնադրամի հետ համատեղ իրականացվող աշխատանքների կարևորությունը․

«ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը նախարարությանն աջակցել է նաև անապահովության գնահատման համակարգի, «Սոցիալական աջակցության մասին» օրենքի վերանայման և մի շարք այլ օրենսդրական նախաձեռնությունների հարցում ևս։ Կազմակերպության անմիջական և գործուն աջակցությամբ՝ իրականացնում ենք ծրագրեր նաև երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացման, հաշմանդամություն ունեցող անձանց, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին տրամադրվող ծառայությունների բարելավման ուղղությամբ»։

Քրիստինե Վայգանդի խոսքով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությունը բազմոլորտ է, որտեղ ամենակարևոր ուղղություններից մեկը սոցիալական ռազմավարության մշակումն է․

«Նախարարության հետ համատեղ իրականացված աշխատանքները շատ լավ պրակտիկա էին մեզ համար։ Պատրաստակամ ենք շարունակել օժանդակել նախարարությանն ինչպես համապարփակ ռազմավարության իրականացման, այնպես էլ Միասնական սոցիալական ծառայության զարգացման ռազմավարության մշակման աշխատանքներում»։

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել համատեղել ջանքերը՝ քննարկված հարցերի ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքների իրականացման համար։

Նմանատիպ նյութեր