211652_close_icon
views-count1305 դիտում article-date 09:15 25-08-2022

Հունիս ամսին Մեծ Բրիտանիան առաջին անգամ չի ներմուծել ռուսական վառելիք՝ 1997 թվականից ի վեր․ «Ամերիկայի ձայն»

Չորեքշաբթի օրը հրապարակված պաշտոնական վիճակագրության համաձայն, Մեծ Բրիտանիան հունիսին առաջին անգամ Ռուսաստանից վառելիք չի ներկրել: Երկրի վիճակագրական գրասենյակը՝ ONS-ը, հայտնել է, որ ռուսական ապրանքների ներմուծումը նույնպես նվազել է 97%-ով։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Հիշեցնենք, որ պատժամիջոցները, որոնք բրիտանական կառավարությունը սահմանել էր ի պատասխան Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի, ներառում էին ռուսական որոշ ապրանքների ներմուծման արգելք և մաքսատուրքերի բարձրացում:

Մեծ Բրիտանիան նաև հայտարարել է, որ մինչև 2022 թվականի վերջը աստիճանաբար կդադարեցնի ռուսական նավթի և նավթամթերքի ներմուծումը:

Ազգային վիճակագրության գրասենյակը հայտնել է, որ մարտից ի վեր Ռուսաստանից վառելիքի ներկրման կտրուկ և երկարատև անկում է գրանցվել, իսկ հունիսին վառելիքի ներկրումն առաջին անգամ զրոյի է հասել։

2021 թվականին Ռուսաստանը Մեծ Բրիտանիայի համար վերամշակված նավթի խոշորագույն մատակարարն էր, սակայն հունիսին Ռուսաստանից վերամշակված նավթ, հում նավթ, գազ, ածուխ, կոքս և բրիկետներ այլևս չէին ներկրվում։ ONS-ը նշում է, որ վերամշակված նավթի ներմուծումն աճել է Սաուդյան Արաբիայից, Նիդեռլանդներից, Բելգիայից և Քուվեյթից, քանի որ ներկրողները այլընտրանքներ են փնտրում:

Այս տարվա առաջին կիսամյակում, Մեծ Բրիտանիայի ներքին գազի արդյունահանումը նույնպես տարեկան կտրվածքով աճել է 26%-ով, չորեքշաբթի հայտնել է արդյունաբերության մարմինը:

ONS-ի տվյալները ցույց են տվել, որ հունիսին Ռուսաստանից ապրանքների ներմուծումը ընկել է մինչև 33 միլիոն ֆունտ, ինչը նվազագույնն է 1997 թվականի հունվարի գրանցումների սկզբից ի վեր:

Թեև Ռուսաստանի դեմ Միացյալ Թագավորության տնտեսական պատժամիջոցները մեծ դեր ունեն առևտրի ծավալների նվազման մեջ, բրիտանացի սպառողի կողմից ռուսական ապրանքների այլընտրանքների կամավոր որոնումը նույնպես հավանական գործոն է եղել այդ հարցում, նշել է ONS-ը:

Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը, Տորոնտոյում Գերմանիայի կանցլերը հայտարարել է կանադական բնական գազի ներմուծումն ավելացնելու պլանների մասին: Այս քայլը արվել է հետագայում ռուսական գազի ներկրումից հրաժարվելու նպատակներով։

Նմանատիպ նյութեր