211652_close_icon
views-count34025 դիտում article-date 19:15 06-11-2022

Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս, արմավիրցի Ազիզ Աղաջանյան, դու հիմա երկնքից ես Հովհաննես Շիրազի՝ «Մայրիկիս» բանաստեղծություններն ընթերցում քո մայրիկի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արմավիր քաղաքի զինվորական պանթեոնում է ամփոփված արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Ազիզ Աղաջանյանը։ Գրեթե ամեն օր հերոսի շիրիմին են այցելում հերոսածին մայրեր, նրա զինակից ընկերները, նույնիսկ անծանոթ քաղաքացիներ, ովքեր, երբ այցելում են Արմավիրի զինվորական պանթեոն, ծաղիկներ են խոնարհում, ապա խնկարկում հերոսի շիրիմին։ 

Ազիզի մանկության ընկերներից մեկը, ով հրաժարվեց տեսախցիկի առաջ խոսել, ասում էր. «Իսկական ազիզ էր։ Իր բնավորությամբ, իր նիստուկացով մեզ համար, ասես, Նոյ նահապետի աղավնին լիներ, մեծի հետ մեծ էր, փոքրի հետ՝ փոքր։ Ամենից շատ սիրում էր մորն ու հայրենիքը, ու երբ ընկերներով զրուցում էինք, ասում էր. «Մայր, Մայր Հայաստան.. այդ երկու բառերը ասես միաձուլված լինեն»...

Շատ էր սիրում մեծն Հովհաննես Շիրազի՝ մայրերին նվիրված բանաստեղծությունները։ Ընկերներով, երբ լինում էինք, արտասանում էր Շիրազի գրած մայրիկին նվիրված բանաստեղծություններից ու ամեն անգամ ասում էր. «Ասես Հովհաննես Շիրազն այս խոսքերը գրած լինի մայրիկիս համար»։ Միշտ ասում էր՝ մայրս իմ լույսն է, իմ արեգակը։ Ցավոք, դաժան պատերազմը իր սև գործն արեց, ու վստահ ենք, որ Ազիզը բոլոր նահատակված, լեգենդ դարձած հերոսների նման երկնքից է հիմա նայում ու հսկում մեր բոլորիս ու իր սիրելի մոր անդորրը։ Նա հաճախ էր արտասանում Հովհաննես Շիրազի «Մայրիկիս» բանաստեղծությունը.

ՄԱՅՐՍ Մեր հույսի դուռն է մայրս,
Մեր տան մատուռն է մայրս,
Մեր օրորոցն է մայրս,
Մեր տան ամրոցն է մայրս,
Մեր հերն ու մերն է մայրս,
Մեր ճորտն ու տերն է մայրս,
Մեր տան անտունն է մայրս,
Մեր արծվաբունն է մայրս,
Մեր տան ծառան է մայրս,
Մեր տան արքան է մայրս,
Մեր տան անճարն է մայրս,
Մեր դեղ ու ճարն է մայրս,
Մեր տան աղբյուրն է մայրս,
Մեր ծարավ քույրն է մայրս,
Մեր տան անքունն է մայրս,
Մեր անուշ քունն է մայրս,
Մեր տան ճրագն է մայրս,
Մեր արեգակն է մայրս:
Մայրս, մեր հացն է մայրս,
Մեր տան աստվածն է մայրս»։

***
Ազիզ Սամվելի Աղաջանյան... անպարտ ,անվախ ու քաջ մարտիկ, ով կռիվ տվեց 21 օր, կոտորեց հարյուրավոր թուրքերի և ընկավ: Բայց նա չընկավ մարտի դաշտում, այլ ետ գալու ճանապարհին, երբ իր բաժին կռիվն արդեն տվել էր:

Ազիզը ծնվել է 2001 թ. մայիսի 20-ին: 2007 թ. հաճախել է Արմավիրի թիվ 2 դպրոցը, հետո՝ թիվ 1 ավագ դպրոցը: Մանկուց զբաղվել է քիկբոքսով , կառատեով, հաճախել է շախմատի դպրոց, մասնակցել է մաթեմատիկայի օլիմպիադաների և մեծ հաղթանակներ է ունեցել:

Ազիզը յուրահատուկ սեր և հարգանք էր վայելում անխտիր բոլորի կողմից: Նա ուներ վարակիչ ծիծաղ, սուր հումոր և անչափ գեղեցիկ ժպիտ: Ամեն ինչի մեջ տեսնում էր միայն դրականը, սերը: Ազիզը ընդամենը երեք ամիս ծանրաբեռնված պարապելուց հետո 2019 թ.-ին ընդունվեց Հայ Ամերիկյան Համալսարան: Հավաքեց շատ բարձր միավորներ (մաթ` 385, անգլ.`105) և նա այն բացառիկ ուսանողներից էր, ով ընդունվեց առանց հարցազրույցի: Ընդունվեց ծրագրավորման բաժին, բայց էդպես էլ չգնաց երբեք համալսարան.. չհասցրեց:

Ազիզը պաշտում էր իր ընտանիքը, տունը: Ամեն ինչ տեսնում էր միայն ընտանիքի շուրջ:

Եկավ 2019-ի ամառը։ Ազիզը զորակոչվեց բանակ: Ծառայեց 6 ամիս Լուսակերտում, հետո Մեղրիում: Մեկ տարի երեք ամիս ծառայեց հայոց բանակում: Նա հրետանավոր էր, կրտսեր սերժանտ, հաշվարկի հրամանատար: Լավագույն հաշվարկ կատարող: Ծառայում էր հզոր ոգով և երբ իմացավ , որ իրենց` հրետանավորներին, տանում են պատերազմ և այն էլ՝ Ջաբրայիլ, անչափ ուրախ էր, որ իր ժամն էլ եկավ հայրենիքը պաշտպանելու: Նա միշտ ասում էր .«Ինչքան ընտանիքինս եմ, այդքան էլ հարենիքինս եմ»:

Մարտնչեց 21 օր, փրկեց հարյուրավոր կյանքեր: Նա բազմիցս չի ենթարկվել հրամանների և վազել է կյանքեր փրկելու` երբեք չմտածելով իր կյանքի մասին: Նա հզոր հրետանավոր էր: Իր անալիտիկ մտքի շնորհիվ բացառապես անվրեպ կրակել է ամեն րոպե` խոցելով թշնամուն: Նա պատվով հաղթահարեց իրեն հանձնարարված և չհանձնարարված խնդիրները: Երբ արդեն իրենք պետք է ետ գնային Մեղրի, Ազիզը բոլորին իրենից առաջ ճանապահել էր, ինքը մնացել էր մի քանի ընկերների հետ : Արդեն շատ ծանր օդային հրետակոծություն էր սկսվել: Նրանք քայլում էին ականապատ դաշտերով, ցրտին, ոտքով, շատ բարակ հագնված, բայց քայլում էին: Վստահ էր Ազիզը, որ հասնելու է տեղ: Բայց ավաղ..... վերջին կրակոցից թռած մի չարաբաստիկ բեկոր հենց իր համար էր նախատեսված: Այդ բեկորն անգամ չկպավ էնպիսի մի հատվածի, որ գոնե ողջ թողներ: Կպավ ու գցեց այդ քաջ, ոչնչից չվախեցող, իր բաժին կռիվը տված խիզախ մարտիկին: Նա ընկավ հոկտեմբերի 18-ի լույս 19 գիշերը`1:30-ին, հենց այն նույն ժամին, երբ լույս աշխարհ էր եկել:

Ազիզը հուղարկավորված է Արմավիրի զինվորական պանթեոնում: Պարգևատրվել է «Մարտական արիություն» մեդալով: 


Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+

Նմանատիպ նյութեր