211652_close_icon
views-count819 դիտում article-date 14:57 16-01-2023

Ես խնդրում եմ ձեզ կանգնել իմ կողքին՝ ի պաշտպանություն Արցախի հայերի. Ռոզա Լինը դիմել է միջազգային հանրությանը

Երգչուհի Ռոզա Լինը, որը Հայաստանը ներկայացրեց «Եվրատեսիլ 2022» երգի հեղինակավոր մրցույթում, միջազգային հանրությանը կոչ է արել աջակցել Արցախի հայերին: Այս մասին երգչուհին գրառում է կատարել «Ինստագրամի» իր պաշտոնական էջում:

Օրեր առաջ նա եվրատեսիլյան Snap հիթային երգը կատարել է  iHeartRadio ALTer Ego համերգին: Երգչուհին բեմ է բարձրացել «Դադարեցրե՛ք շրջափակումը», «Արցախ» գրություններով հագուստով։ 

Հունվարի 16-ին Ռոզա Լինը գրառմամբ փորձել է հանրության լայն շրջանակին պարզաբանել իր ուղերձի նպատակը:

Նա խոստովանել է, որ ինքը մտածում է այն մադկանց մասին, որոնք այժմ Արցախում են և կտրված են աշխարհից: «Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի քաղաքացիները, որոնք հանդես են գալիս որպես «բնապահպաններ», շրջափակել են Լաչինի միջանցքը, որը Արցախը Հայաստանի և աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է։ Դա Ադրբեջանի՝ հայերի վրա հարձակվելու ևս մեկ փորձ է. արցախցիները տառապում են: Միջանցքով ամեն օր Հայաստանից Արցախ մոտ 400 տոննա սննդամթերք և դեղորայք էր տեղափոխվում»,- նշել է Ռոզան ու շեշտել, որ  120 հազար արցախահայեր չեն կարողանում հատել Հայաստանի սահմանը՝ բաժանված ընտանիքներից. նրանք լիովին մեկուսացված են և անպաշտպան:

Դիմելով միջազգային հանրությանը՝ Ռոզա Լինն ընդգծել է. «Ես խնդրում եմ ձեզ կանգնել իմ կողքին՝ ի պաշտպանություն Արցախի հայերի: Մենք պետք է դադարեցնենք շրջափակումը և թույլ չտանք, որ Ադրբեջանը շարունակի հայերի էթնիկ զտումների սարսափելի քաղաքականությունն Արցախում։ Ինչպե՞ս կարող եք օգնել, շատ պարզ՝ սեղմելով իմ էջում զետեղված հղման վրա, ինչը մեխանիկորեն այն ցույց կտա Քամալա Հարիսին՝ խնդրելով նրան խախտել իր լռությունն այս հարցում, դադարեցնել ԱՄՆ ռազմական օգնությունն Ադրբեջանին և սկսել ԱՄՆ-ի մարդասիրական օգնությունն Արցախին»,- գրել է երգչուհին՝ խնդրելով տարածել իր հաղորդագրությունը:

Նմանատիպ նյութեր