211652_close_icon
views-count1447 դիտում article-date 17:38 15-03-2023

Գումարվել է ԱՀ Ազգային ժողովի հերթական նիստը

Մարտի 15-ին գումարվել է ԱՀ Ազգային ժողովի հերթական նիստը: Տեղեկացնում է ԱՀ ԱԺ-ն։

Օրակարգում առաջին ընթերցմամբ ներկայացված Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության մասին նախագծի հարցն էր:

Հանրապետության նախագահի աշխատակազմի առաջին տեղակալ Ժիրայր Միրզոյանի ներկայացմամբ՝ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պետական կառավարման համակարգի կայունությունն ու անընդհատությունն ապահովելն է:

Հաշվի առնելով Արցախի Հանրապետության անվտանգության ապահովման հրամայականը, Արցախի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերները, աշխարհաքաղաքական, տարածաշրջանային զարգացումները, ինչպես նաև ռազմական դրության պայմաններում պետական կառավարման համակարգի ճկունությունն ապահովելու նպատակով առաջարկվում է ռազմական դրության դեպքում Նախագահ ընտրելու իրավունքը վերապահել Ազգային ժողովին:

Նախագիծը ներկայացնելուց հետո հեղինակը առաջարկել է մինչև երկրորդ ընթերցում գրավոր առաջարկությունների համար ժամկետ սահմանել մեկ շաբաթ: Նախագիծը նախապես քննարկվել էր գլխադասային հանձնաժողովի նիստում և արժանացել էր դրական եզրակացության: Մտքերի փոխանակությամբ հանդես են եկել Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը և պատգամավոր Գեղամ Ստեփանյանը:

Այնուհետև նախագիծը քվեարկության է դրվել և միաձայն ընդունվել առաջին ընթերցմամբ: Հաջորդիվ ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը հրապարակել է Ազգային ժողովի որոշումը.

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 75-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

2023թվականի մարտի 15-ին Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկների ներկայացման ժամկետը սահմանել մինչև սույն թվականի մարտի 21-ը՝ ժամը 17:00-ն»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր