211652_close_icon
views-count1156 դիտում article-date 11:04 22-03-2023

Բռնի տեղահանված բնակիչները երբևիցե չեն դիմի բռնապետ Ալիևին. ՀԿ-ների հայտարարությունը

Արցախի բռնի տեղահանվածների հասարակական կազմակերպությունների ղեկավարները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ նշում են, որ իրենք չեն լիազորել որեւէ մեկին հանդես գալ Հադրութի շրջանի, Շուշիի, Քաշաթաղի, Քարվաճառի տեղահանված բնակիչների անունից, առավել ևս, նրանց անունից դիմել  թշնամի Ադրբեջանի ղեկավարին։ Հայտարարությունում ասվում է.

«Մենք, Արցախի Հանրապետությունից 2020 թվականի պատերազմի և մեր տարածքների բռնազավթման հետևանքով բռնի տեղահանված բնակիչների իրավունքները պաշտպանող ՀԿ-ների ղեկավարներս, հայտարարում ենք․

Մարտի 20-ին լրատվամիջոցները տարածել են հայտարարություն, որում Արցախի տեղահանված բնակիչների անունից դիմում են Ադրբեջանի նախագահ Ալիևին, որպեսզի նա ապահովի իրենց անվտանգ և արժանապատիվ վերադարձը պատմական հայրենիք։

Հայտնում ենք, որ բռնի տեղահանված անձանց կողմից ստեղծված, նրանց շահերը ներկայացնող, իրավունքների պաշտպանությամբ զբաղվող և նրանց անունից հանդես եկող կազմակերպությունները, որոնք 2․5 տարի զբաղվում են նմանատիպ խնդիրներով, չեն լիազորել հայտարարությունը ստորագրած ՀԿ-ներին հանդես գալ Հադրութի շրջանի, Շուշիի, Քաշաթաղի, Քարվաճառի տեղահանված բնակիչների անունից, առավել ևս, նրանց անունից դիմել  թշնամի Ադրբեջանի ղեկավարին։

Մեր հստակ դիրքորոշումն է․

Բռնի տեղահանված բնակիչները պայքարում են իրենց հայրենի բնակավայրերը վերադառնալու համար, սակայն երբևիցե չեն դիմի բռնապետ Ալիևին և ռազմական հանցագործությունների համար մեղադրվող և Հաագայի դատարանի կողմից կալանավորման ենթակա Ռուսաստանի նախագահին։

Մենք այսուհետ էլ կպայքարենք մեր բոլոր իրավունքների համար, սակայն հստակ ձևակերպած  միջազգային մեխանիզմների շրջանակներում, որոնց հիմքում դրված է Արցախի Հանրապետության բնակչության ինքնորոշման իրավունքն ու դրանից բխող բոլոր երաշխիքները։

Խիստ դատապարտում ենք Արցախի մեր գործընկերների ոչ կոմպետենտ դիրքորոշումն ու ուրիշների փոխարեն որոշումներ կայացնելու թվացյալ իրավունքը։

Պահանջում ենք հետ վերցնել նշված հայտարարությունը, կամ տարածել այն որպես սեփական որոշում ու տեսակետ, զերծ մնալով բռնի տեղահանված բնակչության շահերը պաշտպանող ՀԿ-ների անունից հանդես գալուց։

Կոչ ենք անում Արցախի Հանրապետության ԱԳՆ-ին չշահարկել մեր իրավունքներն ու զերծ մնալ նմանատիպ վտանգավոր ու արկածախնդիր նախաձեռնություններից, որոնք անդառնալի վնաս են հասցնում մեր երկրին և լրացուցիչ սպառնալիքներ ստեղծում շրջափակման մեջ գտնվող մեր հայրենակիցների համար»։

«Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ, Մարգարիտա Քարամյան
«Հանուն Հադրութի» ՀԿ, Լևոն Հայրիյան
«Վերադարձ դեպի Քարվաճառ» Դավիթ Եղիազարյան
«Կռունկ» արցախահայության խնդիրներով զբաղվող ՀԿ, Մարիամ Ավագյան
«Վերադարձ դեպի Քաշաթաղ», Կարինե Մովսիսյան
«Շուշիի դեօկուպացիա», Վասպուրակ Կարապետյան
«Հարմոնիա» Շուշիի կանանց ՀԿ, Ջուլիետտա Առուստամյան

Նմանատիպ նյութեր