211652_close_icon
views-count1168 դիտում article-date 21:45 24-03-2023

Ադրբեջանը կեղծ թեզերով փորձում է թիրախավորել նաեւ Արցախի միջհամայնքային ճանապարհները. ՏԿԵՆ

Մարտի 24-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ իրենց կողմից Արցախում արձանագրվել է Ստեփանակերտ – Ղայբալիշեն – Լիսագոր նոր ճանապարհի շինարարության փաստը՝ ինժեներական և հատուկ տեխնիկայի ներգրավմամբ։

Այս մասին իր տարածած հաղորդագրության մեջ նշել է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը` հավելելով, որ ադրբեջանական կողմն այս փաստն օգտագործել է այն համատեքստում, թե իբր հայկական կողմը նպատակ ունի օգտագործել նշված ճանապարհը զենք-զինամթերք տեղափոխելու նպատակով։

«Այնինչ, Արցախի իշխանությունները բազմիցս հայտարարել են և փաստական ապացույցներ ներկայացրել առ այն, որ նշված ճանապարհն օգտագործվում է միայն ու միայն քաղաքացիական անձանց տեղաշարժի և հումանիտար բեռների  փոխադրման նպատակով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2022թ․ դեկտեմբերի 12-ից ի վեր ադրբեջանական կառավարության գործակալները փակ են պահում Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Այդ ճանապարհի քաղաքացիական նշանակության փաստն անառարկելիորեն ապացուցվել է նաև մարտի 5-ի ադրբեջանական դիվերսիոն հարձակման հետևանքով, երբ ադրբեջանական ահաբեկչական խումբը, իբր թե զենքի տեղափոխում կանխելու նպատակով, հարձակվել և սպանել է Ստեփանակերտից Շուշիի շրջանի համայնքներ մեկնող և քաղաքացիական ծառայություն իրականացնող ոստիկաններին:

Ավելին՝ Ստեփանակերտ – Ղայբալիշեն – Լիսագոր լեռնային և բարդ ռելիեֆ ունեցող  ճանապարհը կապում է Շուշիի շրջանի մի շարք համայնքներ (Լիսագոր, Եղցահող, Հին շեն ու Մեծ շեն) Արցախի մայրաքաղաքի ու մյուս բնակավայրերի հետ: Այն Շուշիի արգելափակված մայրուղին շրջանցող միակ միջհամայնքային ուղին է, որտեղ անհրաժեշտ է իրականացնել ճանապարհաշինական աշխատանքներ՝ համեմատաբար անվտանգ ու մատչելի երթևեկություն ապահովելու նպատակով։

Օգտագործելով զենք-զինամթերք տեղափոխելու կեղծ թեզը՝ ադրբեջանական կողմը փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը և կեղծ տեղեկատվական հող նախապատրաստել Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ հետագա սադրանքների համար»,- ասված է ԱՀ ՏԿԵ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր