211652_close_icon
views-count1015 դիտում article-date 16:39 04-05-2023

Զելենսկին պատմել է՝ երբ աշխարհը կկարողանա տեսնել Պուտինին Հաագայում մեղադրյալի աթոռին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնական այցով  Նիդեռլանդներում է։ Հաագայում իր ելույթի ժամանակ նա հայտարարել է, որ վստահ է այս պատերազմում Ուկրաինայի հաղթանակին: Հաղթանակից հետո աշխարհը կարող է մեղադրյալի աթոռին տեսնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, համոզված է Զելենսկին, փոխանցում է Unian-ը։

«Անշուշտ, մենք բոլորս ուզում ենք այստեղ տեսնել մեկ այլ Վլադիմիրի։ Մենք ուզում ենք նրան տեսնել Հաագայում։ Նա, ով պետք է դատապարտվի իր հանցավոր գործողությունների համար․․․Վստահ եմ, որ դա տեղի կունենա, երբ մենք հաղթենք։ Իսկ մենք հաղթելու ենք»,- ասել է Զելենսկին։

Նա նշել է, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի հանցագործության մեջ լիարժեք արդարադատություն չի կարելի ապահովել դատարանի հիբրիդային փոխարինումներով: Նա ընդգծել է, որ այժմ Ուկրաինային պետք են իրական խաղաղություն, իրական արդարադատություն, իրական ազատություն, այլ ոչ թե դրանց ինչ-որ հիբրիդային ձեւեր։

Նախագահի խոսքով՝ միայն ապրիլին ռուսներն Ուկրաինայում կատարել են 6139 ռազմական հանցագործություն, որոնց հետեւանքով զոհվել է 190 մեծահասակ եւ 17 երեխա, իսկ ավելի քան 400 քաղաքացիական անձինք վիրավորվել են:

«Ռուսական մեկ հանցագործություն հանգեցրել է մնացած բոլորին․ դա ագրեսիայի հանցագործություն է։ Դա առաջնային հանցագործություն է, չարի սկիզբ: Այս հանցագործության համար պետք է պատասխանատվություն լինի։ Դրան կարելի է հասնել միայն տրիբունալի շնորհիվ»,- կարծում է Զելենսկին։

Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է նոր իրողություններում վերածել Նյուրնբերգյան գործընթացի փորձը Երրորդ Ռեյխի ներկայացուցիչների նկատմամբ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գործած հանցագործությունների համար։

«Մենք հանդես ենք գալիս նման տրիբունալի ստեղծման օգտին։ Մենք ցանկանում ենք շարունակել ագրեսիայի հանցագործության համար պարտադիր պատժի ավանդույթը՝ որպես այդպիսի ագրեսիայի չկրկնման երաշխիք։ Եթե մենք արդարություն ենք ուզում, չպետք է արդարացումներ փնտրենք կամ վկայակոչենք միջազգային իրավունքի թերությունները։ Մենք պետք է համարձակ որոշումներ կայացնենք, որոնք կշտկեն այն թերությունները, որոնք, ցավոք, գոյություն ունեն միջազգային իրավունքում»,- ասել է նա։

Զելենսկու խոսքով՝ հենց դա պետք է անել հիմա, քանի որ «մնացած ամեն ինչ թուլություն կլինի»։

«Հանուն մեր երեխաների եւ ապագայի մենք չենք կարող հրաժարվել նման տրիբունալի գաղափարից․․․ Ես կոչ եմ անում աշխարհին չվախենալ․․․ Դա մեր պատմական պատասխանատվությունն է, ժամանակակից սերնդի պատասխանատվությունն է՝ պատժել Ռուսաստանին ագրեսիայի հանցագործության համար։ Աշխարհը պետք է իրեն լիովին ապահով զգա»,- ասել է նա։

Մասնավորապես, Զելենսկին հստակեցրել է, որ ուկրաինական դատարանները կապահովեն Ռուսաստանի ռազմական հանցագործությունների համար պատիժների մեծ մասը, բայց միայն մեկ հաստատություն կարող է արձագանքել ագրեսիայի սկզբնական հանցագործությանը՝ դա «իսկական եւ լիարժեք տրիբունալն է»։

Իր ելույթի վերջում Զելենսկին ընդգծել է, որ այս պատերազմը պետք է դարձնել աշխարհի վերջին պատերազմը։ «Եվ մենք դա կանենք»,- եզրափակել է նա։

Նմանատիպ նյութեր