211652_close_icon

Զուրաբիշվիլին կառավարությանը մեղադրել է արեւմտյան գործընկերների հետ վեճի եւ Ռուսաստանի հետ մերձեցման մեջ

views-count1153 դիտում article-date 17:22 26-05-2023
Պարզ է, որ հասարակությունը չի զիջի իր երեխաների ապագան, չի հրաժարվի իր եվրոպական ընտրությունից։ Ժողովրդավարության առաջին կանոնն այն է, որ դու պետք է կատարես այն, ինչի համար քեզ ընտրել է ժողովուրդը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ Անկախության տոնին նվիրված արարողության ժամանակ, փոխանցում է վրացական Առաջին ալիքը։

Նրա խոսքով՝ անկախությունը, որն այսօր տոնում է Վրաստանը, նշանակում է նաեւ պաշտպանել իր քաղաքացիներին պետությունից:

«Մենք՝ վրացիներս, գիտեինք պաշտպանություն եւ անձնազոհություն։ Մենք գիտեինք ազատության եւ խաղաղության գինը։ Մենք հասկանում էինք, որ մեկը մյուսից անբաժան է ։ Վրացիները երբեք չեն համակերպվել որեւէ երկրի ստվերում ապրելուն եւ չեն ձգտել նվաճել որեւէ երկիր, եթե որեւէ մեկը թշնամանք չի ցուցաբերել»,-ասել է նա։

Վրաստանի նախագահը նաեւ նշել է, որ վրաց ժողովրդի համար վիրավորական է, երբ իշխանությունը չի մտածում իր քաղաքացիների պատվի եւ արժանապատվության մասին:

«Մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, որ օկուպացված տարածքներ եւ ռուսական բանակ ունեցող երկիրն իր տարածքում պետք է հատկապես պաշտպանի կայունությունը։ Հենց այդ պատճառով է, որ իշխանությունները պարտականություն ունեն թույլ չտալ այնպիսի իրավիճակի առաջացում, որն, անկասկած, կհանգեցնի հուզումների եւ էսկալացիայի։ Իշխանությունը պարտավոր է կանխել, այլ ոչ թե փորձարկել սեփական ժողովրդի համբերությունը։ Իշխանությունը պատասխանատու է տարածքը պաշտպանելու եւ սահմանը կառավարելու համար: Դուք պետք է իմանաք, թե ով է մտնում եւ ով է դուրս գալիս երկրից: Դժվար է հավատալ, որ օկուպանտ երկրի բարձրագույն քաղաքական շրջանակի անդամները երկիր են մուտք գործել առանց նախնական նախազգուշացման եւ անվտանգության երաշխիքների»,-հայտարարել է Զուրաբիշվիլին։

Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ չկան մարդիկ, ովքեր չեն վախենում պատերազմից։ Նա նշել է, որ եթե ինչ-որ մեկը կարծում է, որ Ռուսաստանը կվերադարձնի Վրաստանի տարածքները զիջումների դիմաց, ապա նա չգիտի պատմությունը:

«Այսօր հուսահատության եւ անելանելիության ժամանակը չէ հասարակության համար։ Վրաց հասարակությունը երբեք չի նահանջել ազգային շահերի եւ պատվի պաշտպանությունից, եւ նորագույն պատմությունը դա ցույց է տվել։ Հիմա ամենակարեւորն այն է, որ մենք բոլորս միասին տեսնենք եւ գիտակցենք այդ անխուսափելի փոփոխությունները, հավատանք ինքներս մեզ եւ թույլ չտանք որեւէ մեկին մեզ դուրս մղել մեր ճանապարհից»,- հավելել է Վրաստանի նախագահը։

Նմանատիպ նյութեր