211652_close_icon
views-count961 դիտում article-date 11:01 29-06-2023

Ոչ թե չբանակցել, այլ՝ հստակեցնել օրակարգը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «ԱՄՆ-ում Միրզոյան-Բայրամով-Բլինկեն բանակցությունների ժամանակ Արցախի ՊԲ բանակի դիրքերի վրա հարձակվելը եւ 4 զինծառայող սպանելը, իհարկե, Ադրբեջանի հերթական լկտի ցուցադրական ակցիան էր: Նպատակը պարզ է՝ աշխարհին, տվյալ դեպքում, առաջին հերթին՝ ԱՄՆ-ին ցույց տալ, որ նրանք «իրենց տարածքում» ինչ ուզեն, կանեն: Այդ լկտիության համար հիմք է տալիս նաեւ Հայաստանի «խաղաղասեր» դիրքորոշումն, ըստ որի Արցախն իսկապես «Ադրբեջանի տարածք» է:

Ադրբեջանի հերթական հարձակմանը Արցախի իշխանությունների արձագանքը զուտ էմոցիոնալ էր՝ բանակցություններից հրաժարվելու կոչը: Հայաստանյան «արեւմտամետները» դրան արձագանքեցին՝ հերթական անգամ արցախցիներին «ռուսական լրտեսի» պիտակը կպցնելով: Մեր քաղաքականացված զանգվածի մոտ պիտակների պակաս չկա, եւ դա բնական է՝ այս կամ այն իրադարձությունը բացատրելու փոխարեն, այն վերագրում ես քո չսիրած ուժի կամ երկրի դավերին, որից հետո կյանքը, կարծես թե, ավելի դյուրին է դառնում: Հայտնի հոգեբանական օրինաչափություն է՝ երբ գիտես, թե որտեղ է «չարիքի որջը», դա անվտանգության պատրանք է ստեղծում:

Այդքանով հանդերձ չբանակցելու կոչն, իհարկե, սխալ էր: Նույնքան սխալ կլիներ, իհարկե, բանակցությունների ժամանակ ձեւ անել, որ ոչինչ չի պատահել, որ ադրբեջանական բանակն արցախցիների վրա չի հարձակվում, կամ՝ չնկատել, որ արդեն 10 օր է, որ ռուս խաղաղապահների ոչ մի բեռնատար որեւէ մարդասիրական բեռ չի հասցնում Արցախ: Ես չգիտեմ, թե ինչպես էին ընթանում կոնկրետ այս բանակցությունները, բայց՝ որ հայկական կողմն իր անիմաստ «խաղաղասիրությամբ» անընդհատ վատթարացնում է մեր բանակցային դիրքերը, դա ակնհայտ է:

«Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունն ու իրավունքները» լղոզված բանաձեւը ոչինչ չի ասում: Ադրբեջանը մտադիր չէ այդ «անվտանգությունն ու իրավունքները» ապահովել, հակառակը՝ մտադիր է Արցախում ցեղասպանություն իրականացնել: Դրա մասին պետք է ասվի բոլոր տեսակի բանակցությունների ժամանակ եւ բոլոր տեսակի միջազգային հարթակներում: Հարցի լուծումները, այսինքն՝ այդ դատարկ բանաձեւը բովանդակությամբ լցնելու մեթոդները պետք է առաջարկվեն բոլորին՝ Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Եվրամիությանը, Իրանին: Բայց առաջարկելուց առաջ, հայկական դիվանագիտությունն այդ լուծումները պետք է հստակ ձեւակերպի եւ բարձրաձայնի»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր