211652_close_icon
views-count973 դիտում article-date 10:23 07-07-2023

«Լռության պարույրը» Արցախի հարցում․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «1972 թվականին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում խորհրդարանական ընտրությունների գլխավոր թեման էր, այսպես կոչված, «արեւելյան նոր քաղաքականությունը»: Սոցիալ-դեմոկրատները գտնում էին, որ պետք է վերանայել Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության հետ հարաբերությունները եւ, ըստ էության, ընդունել այդ պետության գոյությունը, իսկ «աջերը» դեմ էին արտահայտվում քաղաքականության այդ մեղմացմանը: (Հետագա իրադարձություններն, ի դեպ, ցույց տվեցին, որ սոցիալ-դեմոկրատները՝ Վիլլի Բրանդտի ղեկավարությամբ, ճիշտ էին): Նախընտրական իրավիճակում, ըստ հարցումների, հասարակությունն այդ խնդրում բաժանվել էր մոտավորապես երկու հավասար մասերի: Նրանք, ովքեր սատարում էին «արեւմտյան նոր քաղաքականությանը», խոսում էին բարձրաձայն եւ վստահ: Նրանք, ովքեր դեմ էին, վախենում էին մեկուսացման մեջ հայտնվելուց, լռում էին, ինքնամփոփվում էին: Առաջիններն իրենց ավելի ուժեղ էին զգում, քան կային, իսկ երկրորդներն՝ ավելի թույլ:

Իրավիճակը նկարագրելով՝ գերմանացի ընկերաբան Էլիզաբեթ Նոյել-Նորմանը գրում է. «Այդ դիտարկումները մարդկանց դրդում էին սեփական շրջապատում եւ ուրիշների ներկայությամբ, մի դեպքում, բարձրաձայն հայտարարել սեփական հայացքների մասին. մյուս դեպքում՝ լռել: Առաջինները ուժ էին հավաքում, իսկ երկրորդները՝ վերանում ասպարեզից, դառնում էին համր: Այդ գործընթացը կարելի է անվանել «լռության պարույր»: Մեկի պարագայում պարույրը գնում է դեպի «վերեւ»՝ բացվում, շատանում, ընդլայնվում է, երկրորդինը՝ ներքեւ, եւ անհետանում է, հավասարվում գրեթե զրոյի»:

Մարդիկ վախենում են մեկուսացումից: Երբ 2016 թվականին, այսպես կոչված, «Սասնա ծռերը» հարձակվեցին ոստիկանական գնդի վրա եւ մարդ սպանեցին, «լռության պարույրը» ծավալվեց իր ողջ հզորությամբ: Մարդասպանների հասցեին ցանկացած, թեկուզ «կիսադատապարտող» խոսք հանդիպում էր հասարակության ագրեսիվ, ճղճղան հատվածի հիստերիկ հարձակումներին՝ «ուրեմն դու ծառայում ես Սերժին»: Շատ քչերը դրան դիմացան, եւ նրանք, ում դուր չէր գալիս «Ծռերի» արածը, լռեցին: Նույն «ճղճղացողներն» այսօր չեն ցանկանում սատարելու որեւէ բառ ասել Վարուժան Ավետիսյանի որդու հասցեին, որն իբր վիրավորել է վարչապետին: Այն ժամանակ կոնֆորմիզմը պահանջում է «ճղճղալ», իսկ հիմա՝ լռել:

Նույնը՝ հիմա Արցախի հարցում: Մարդիկ, որոնք կարծում են, որ Արցախը չպիտի լինի Ադրբեջանի կազմում, մեծ մասամբ լռում են, որովհետեւ վախենում են հայտնվել մեկուսացման մեջ: Նրանց «սպառնում է», որ նույն այդ ագրեսիվ զանգվածը հիմա էլ նրանց կհռչակի «ռսի ստրուկ» կամ «սերժառոբական»: Մեկուսացման մեջ հայտնվելն, իհարկե, հարմարավետ վիճակ չէ: Բայց հիմա, կարծում եմ, ազատության համար պայքարը պետք է արտահայտվի մեկուսացումից չվախենալու մեջ: Ամենադժվարը հիմա մեծամասնության տիրանիայից ազատ լինելու համար պայքարելն է»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր