211652_close_icon
views-count43104 դիտում article-date 16:23 18-07-2023

Խոշոր ավտովթար Երևանում․ Audi-ն Ինտերպոլի Ազգային բյուրոյի դիմաց բախվել է երկաթյա էլեկտրասյանն ու կողաշրջվել․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։00-ի սահմաններում Audi մակնիշի ավտոմեքենան Զաքարիա Սարկավագի և Ֆանարջյան փողոցների խաչմերուկում՝ Հայաստանում Ինտերպոլի Ազգային բյուրոյի դիմաց, դեռևս անհայտ անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը։ Բախման հետևանքով ավտոմեքենան կողաշրջվել է։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ։

Բժիշկները մինչ վիրավորներին հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել, ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկ Վահե Վարդանյանն ու կրտսեր պարեկ Աղասի Հովհաննիսյանը։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով երկաթյա էլեկտրասյունը կոտրվել է և միայն էլեկտրական լարերի շնոհիվ է, որ չի տապալվել, իսկ նշված թաղամասում հոսանքը անջատվել է։ Այս պահին պարեկները սպասում են, որպեսզի ժամանեն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ներկայացուցիչները։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր