211652_close_icon
views-count940 դիտում article-date 11:20 22-07-2023

Ճանաչել իշխանության «միջուկային ընտրազանգվածը»․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Արցախում մարդկանց աղետալի վիճակի մասին վկայող լուսանկարները վերջին օրերին հաճախ են հայտնվում համացանցում: Ցույց տվեք այդ լուսանկարները որեւէ «նիկոլականի»՝ պետական վերնախավի հետ կապ չունեցող մի մարդու՝ սովորական, շարքային քաղաքացու, որին դուր է գալիս ներկայիս իշխանության քաղաքականությունը: Արդյո՞ք այդ պատկերը նրա մեջ կարեկցանք կառաջացնի: Վստահ եմ՝ ոչ:

Ամբողջ խնդիրն այն է, որ երբ մեզ որեւէ նկար, տեսագրություն կամ փաստ են ներկայացնում, մենք արդեն ունենք մեր պատկերացումների, համոզմունքների «պաշարը»: Տառապող մարդու պատկերը հայտնվում է ոչ թե մեր հոգու կամ ուղեղի «սպիտակ էջի» վրա, այլ բազմաթիվ իրական կամ երեւակայական պատկերների համատեքստում:

Բերեմ մի պարզ օրինակ: Հեղափոխությունից մեկ կամ երկու տարի առաջ տաքսու վարորդը հրաժարվեց ինձ տանել Հյուսիսային պողոտա: Ինչո՞ւ: «Որովհետեւ այնտեղ ղարաբաղցիներ են ապրում»: Այդ վարորդի պատկերացմամբ՝ Հյուսիսային պողոտայում ապրում են մարդիկ, որոնք քիչ է՝ իրեն թալանել են, կեղեքել են ու ստորացրել, նրանք նաեւ եկել են Երեւան եւ տուն են գնել մայրաքաղաքի ամենաթանկ թաղամասում: 

Այս թույնը մարդկանց մեջ ներարկում էին տասնամյակներ շարունակ, եւ հիմա նրանց տարհամոզել, կարծում եմ, հնարավոր չէ; Ուզում եք, տվեք Հյուսիսային պողոտայի բնակիչների ամբողջական ցուցակը: Ուզում եք, ներկայացրեք այսօր Արցախում ապրող մարդկանց միջին եկամուտը եւ կալորիաների քանակը: Նրանց համոզմունքը ոչ մի բան չի փոխի: Եվ ահա այդպիսի համոզմունք ունեցողներին դուք ցույց եք տալիս Արցախում տառապող մարդկանց լուսանկարները: Պետք չէ զարմանալ, որ այդ պատկերները նրանց մեջ որեւէ կարեկցանք չեն առաջացնում:

Այդպիսին է այսօրվա իշխանության «միջուկային ընտրազանգվածը»: Հեռու եմ այն մտքից, որ այդ մարդիկ հրեշներ են՝ նրանք կարող են լինել հավատարիմ ամուսիններ եւ հոգատար ծնողներ: Պարզապես նրանք, ովքեր ուսումնասիրում են այսօրվա հայաստանյան հասարակությունը, ովքեր ցանկանում են ինչ-որ ծրագրեր իրականացնել, չպիտի պատրանքներ ունենան եւ զբաղվեն ինքնախաբեությամբ, պետք է իմանան, թե ում հետ գործ ունեն:

Հիմա, կարծում եմ, պարզ է նաեւ, թե ինչու այն քաղաքացիները, որոնք Երեւանի փողոցներում փորձում են իրենց ձայնը բարձրացնել ի պաշտպանություն Արցախի ժողովրդի, ենթարկվում են անխնա ծաղրի»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր