211652_close_icon
views-count16399 դիտում article-date 15:17 15-09-2023

Քեզ բացակա չենք դնի, լեգենդ դարձած հերոս Գևորգ Ներսեսյան, քո անվամբ բացված ցայտաղբյուր-հուշակոթողը ամեն վայրկյան մեզ հիշեցնելու է քո ու քո նման լույս տղերքի սխրագործությունները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ուշ-ուշ են գալիս, բայց ոչ ուշացած, ծնվում են նրանք ճիշտ ժամանակին․․․»․ մեծն Սևակի հանճարեղ այս խոսքերը սեպտեմբերի 13-ին հաճախակի լսվում էին Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց փողոցի թիվ 13 շենքի բակում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բակում էին հավաքվել 2022 թվականին ադրբջանական բաշիբոզուկների կողմից սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ նահատակված, լեգենդ դարձած հերոս, նույն բակի բնակիչ Գևորգ Ներսեսյանի հարազատները, ընկերները՝ այդ թվում զինակից, հերոսածին մայրեր, հյուրեր ոչ միայն մայրաքաղաքից ու մարզերից, այլ նաև ՀՀ Պաշտպանության նախարարությունից, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից, ինչպես նաև այն դպրոցի սաներն ու ուսուցչական կոլեկտիվը, որտեղ սովորել է Գևորգը։

Բակում տեղի ունեցավ հերոսի անվան ցայտաղբյուր-հուշակոթողի բացման արարողություն, որտեղ սպիտակ սավանը իջեցնելուց հետո այն օծվեց հոգևոր հովվի կողմից, ապա ներկաները ծաղիկներ խոնարհեցին։

Ներսեսյան Գևորգ Սիմոնի

Ծնվել է քաղաք Երևանում` 2002 թ․֊ի նոյեմբերի 8֊ին։

Կրթությունը ստացել է N 66 հիմնական դպրոցում, այնուհետև՝ N 46 ավագ դպրոցում։

Վաղ հասակից զբաղվել է ձյուդոյով՝ ունենալով մեծ հաջողություններ։

Կյանքով լի, ընկերասեր ու նպատակասլաց «Ուժեղ Գև»-ը միշտ ամեն ինչում առաջինն էր, ինչպես կռվի դաշտում՝ բոլորին փրկելու առաջին քայլ ձեռնարկողը։

2021 թ․֊ին ընդունվել է Եվրոպական համալսարանի Կառավարում ֆակուլտետ, նույն թվականին՝ զորակոչվել բանակ։ Եղել է Սիսիանում։

Բոլորիս հայտնի՝ «Սիսյանի Գև»-ը, հետո՝ Կապանում, այնուհետև ծառայության է անցել Ջերմուկում։

Երազում էր խաղաղություն լինի, որ ծառայությունից շուտ վերադառնա տուն, լիներ փոքրիկ եղբոր՝ Նարեկի կողքին։ Տեսներ մոր՝ ճանապարհին անդադար սպասող աչքերն ու հոր հպարտ հայացքը, չէ՞ որ Հայոց Բանակում ուներ ոչ թե մեկ, այլ 2 զինվոր։

20֊ամյակը դեռ չբոլորած Գևը սեպտեմբերի 13֊ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ընկավ՝ կրակն իր վրա վերցնելով, փրկելով հարազատ եղբոր՝ Տիգրանի և ծառակից ընկերների կյանքը։

Հարազատ եղբոր ու ընկերների կյանքն ավելի գերադասեց՝ սեփական կյանքն ու երազանքները դնելով զոհասեղանին:

Հավե՜րժ մնաց տուն տանող ճանապարհին, մեր բոլոր ժամանակների հերոս Գևը․․․


Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 579+
579+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր