211652_close_icon
views-count1279 դիտում article-date 14:06 06-11-2023

Ինձ էլի առաջնագիծ են ուղարկում, էլի կգնամ, բայց գոնե թոշակները տան. Արցախցի պահեստազորի փոխգնդապետ. News.am

Մեր առջեւ պահանջ են դրել, որ գրանցվենք մի որեւէ հասցեում, ես ընկել եմ փնտրտուքների մեջ, ինձ ոչ մեկը չի գրանցում իր հասցեում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց արցախցի Արա Քամալյանը, ով պահեստազորի փոխգնդապետ է:

«Հիմա կխնդրեմ փոխվարչապետին, սոցապ նախարարին որպես հայ մարդ, որպես 5 երեխաների հայր իրենց տանը ինձ գրանցեն: Հիմա ոչ նպաստս եք տալիս, ոչ թոշակս:

Ժամանակին ես 25 տարի հայրենիքս պաշտպանել եմ, ինչպես այստեղ հավաքված բոլորը: Եթե այդքան մեր մասին մտածում են, թող իրենց տան վրա մեզ գրանցեն: Ես էլ կդառնամ ՀՀ քաղաքացի, ոչ թե մտածեմ Իսպանիա կամ Ֆրանսիա գնալու մասին»,-ասաց նա:

Արա Քամալյանը նշեց, որ Ադրբեջանի վերջին հարձակումից հետո ամենավերջինը ինքն է ընկերների հետ դուրս եկել Մարտուիից՝ սեպտեմբերի 27-ին: «Մենք այնտեղ ամեն ինչ ունեինք, հիմա ոչ մ բան չունենք:  Հիմա 5-6 ամիս նպաստ են տալիս, իսկ 6 ամիս հետո ինչ պետք է անեմ, փորձել եմ աշխատանքի համար դիմել, ռեզյումես կարդում են գովում են ու վերջ:

ՊՆ-ում մեծ սիրով ընդունում են, նորից ուղարկում են առաջնագիծ: Դրան էլ եմ պատրաստ, բայց հարց՝ ես որ գնամ առաջնագիծ, ընտանիքս տանեմ առաջնագիծ, իսկ միթե մենք այդքան իրավունքներ չունենք, որ գոնե թոշակը տան, նպաստը տան»,-ասաց նա:

Նշենք, որ ՀՀ իշխանությունները բռնի տեղահանված արցախցիներին առաջարկում են կամ ստանալ փախստականի կարգավիճակ, կամ ընդունել ՀՀ քաղաքացիություն եւ ստանալ թոշակ եւ այլ վճարներ, ինչպես ՀՀ բոլոր քաղաքացիները:

Նմանատիպ նյութեր