211652_close_icon
views-count1015 դիտում article-date 09:42 29-01-2024

Բանակում չկան և չեն կարող լինել օրենքից վեր կանգնած մարդիկ․ Սուրեն Պապիկյանի ելույթը բանակի կազմավորման տարեդարձին նվիրված միջոցառմանը (տեսանյութ)

Հունվարի 28-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառում:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, օրենսդիր, գործադիր, դատական իշխանության ներկայացուցիչներ, ՀՀ բարձրագույն սպայակազմը, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, զինծառայողներ, գիտության, արվեստի, մշակույթի, սպորտի ներկայացուցիչներ:

Միջոցառման սկզբում հնչել է ՀՀ պետական օրհներգը, այնուհետև ներկաները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել հանուն հայրենիքի իրենց կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակին:
Ելույթներով հանդես են եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և մի շարք զինծառայողներ: 

Բանակի օրվա առթիվ վարչապետ Փաշինյանը հայրենիքի անվտանգության և պաշտպանության գործում ներդրած ավանդի համար ՀՀ պաշտպանության նախարարության մի խումբ զինծառայողների պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:

Իր խոսքում ՀՀ ՊՆ ղեկավարը նշել է, որ իրենց կարեւոր անելիքների շարքում իրենց տեղն են ունեցել զինվորների կենցաղ-կացարանային պայմանների կատարելագործումը, զինծառայողների բնակավորման եւ սոցիալական խնդիրները:

«Նոր դիրքերի կազմավորմանը ու կահավոմանը զուգահեռ, մենք տարվա ընթացքում, ամրաշինական, ինժիներական, աննախադեպ և լայնածավալ աշխատանքներ ենք իրականացրել առաջնագծի և թիկունքային ապահովման բոլոր  հատվածներում: Հայաստանի կառավարությունը և ռազմաքաղաքական ղեկավարությունը այդ նպատակով հատկացրել և շարունակում է հատկացնել հսկայական միջոցներ»,-շեշտել է Պապիկյանը:
Նրա խոսքով՝ բանակում կանոնադրային հարաբերությունների ամրապնդումը, արատավոր բարքերի մերժումը, հատկապես կանխարգելիչ աշխատանքների միջոցով, եղել են ՊՆ-ի ամենօրյա գործունեության առաջնահերթությունների շարքում:

«Հայտնի խոսք կա՝ բանակը հասարակության հայելին է։ Բայց դա չպետք է հնչի որպես ինքնաարդարացում, այլ հասարակական ինստիտուտների հետ ներդաշնակ աշխատանք: Հովանավորչության, անպատժելիության մթնոլորտի բացառումը և պատժի անխուսափելիության սկզբունքի ամրապնդումը, ինչը մեկ անգամ ևս կհավաստի, որ բանակում չկան և չեն կարող լինել օրենքից վեր կանգնած մարդիկ»,-նշել է նա:

Անդրադառնալով բանակի սպառազինությանը՝ պաշտպանության նախարարը նշել է, որ փորձը ցույց է տվել՝ որքան էլ զինվորի ոգին լինի բարձր ու հայրենիքին անմնացորդ ծառայելու կամքն անկոտրում, առանց ժամանակակից սպառազինության անհնար է ունենալ ուժեղ ու մարտունակ բանակ։

«ՀՀ ԶՈՒ սպառազինությունը 21-րդ դարի առաջատար բանակներին հարիր մակարդակով համալրելու ջանքերն անցած տարվա ընթացքում շոշափելի արդյունքներ են տվել։ Մեզ հաջողվել է ընդլայնել ռազմատեխնկական համագործակցությունը՝ գտնելով նոր գործընկերների և սպառազինության դիվերսիֆիկացիայի ուղղությամբ կատարել շոշափելի քայլեր։ Սա մեր անվատնագային ճարտարապետության դիվերսիֆիկացիան ամրապնդող ևս մի քայլ է, ինչը կօգնի Հայաստանի շուրջ ձևավորել ավելի հաստատուն և հուսալի անվտանգային միջավայր»,-հավելել է նա:

Անդրադառնալով բանակի կարիքները հայրենական արտադրանքով ապահովելու ջանքերին՝ Պապիկյանը նշել է․ «Չեմ կարող չնշել ռազմարդյունաբերության զարգացմանն ուղղված ծրագրերն ու բանակի կարիքները հայրենական արտադրանքով ապահովելու ջանքերը։ Պարզ ասած՝ մենք չպետք է ներմուծենք այն, ինչը կարող ենք արտադրել ինքներս մեր երկրում՝ ավելի ցածր ինքնարժեքով և լավ որակով»։

Մանրամասները՝ տեսանյութում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

6

Նմանատիպ նյութեր