211652_close_icon
views-count69762 դիտում article-date 15:43 22-02-2024

Երևանի գնդի «Աշխարհաբեկ» անունը ստացած ավագ պարեկը հերթական գողության փորձն է կանխել՝ դեպքի վայրում վնասազերծելով կասկածյալին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 22-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի ավագ պարեկ Տիգրան Խուդանյանն ու պարեկ Վարուժան Ենգիբարյանը ծառայություն կատարելու ընթացքում կանխել են գողության փորձ ու հենց տեղում՝ տաք հետքերով, վնասազերծել գողության փորձ կատարողին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Տ. Խուդանյանն ու Վ. Ենգիբարյանը ծառայություն կատարելիս են լինում Շենգավիթ վարչական շրջանում, երբ ժամը 03:45-ի սահմաններում Թամանցիների փողոցում՝ ժողովրդին հայտնի «գիշերային թիթեռնիկների» հավաքատեղիում նկատում են, որ մի տղամարդ երկաթե լինգով ավտոտեխսպարակման կետի մուտքի դուռը փորձում է բացել:

Պարեկները հասնում են դեպքի վայր և մի պահ ավտոմեքենայի լուսային փարոսիկները անջատում են, որպեսզի կասկածյալը չնկատի ու չդիմի փախուստի, ապա Տ. Խուդանյանը մոտենում և հենց հանցանքի վայրում վնասազերծում է կասկածյալին ու ձեռնաշղթայում:

Կատարված դեպքի մասին պարեկները տեղեկությունը փոխանցում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանին ու կարճ ժամանակում Ա. Ստեփանյանը, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանն ու նույն գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանը ժամանում են դեպքի վայր:

Տարածքը նույն վաշտի ավագ պարեկ Ռոման Հովհաննիսյանն ու պարեկ Հովհաննես Սարգսյանը սահմանազատում են, դեպքի վայրում էլ հայտնաբերվում է ոչ միայն հանցագործության գործիք երկաթե ձողը, այլ նաև «կվալդ», որը, հավանաբար, գողության նպատակով վնասազերծված տղամարդը պետք է օգտագործեր:

Պարեկները նրան տեղափոխում են ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք փոխանցվում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր են ժամանում քննիչները:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Արսեն Խ.-ն է, ով անգամ դեպքի վայրում ասում էր, որ եկել է ինչ-որ ավտոմեքենա տանելու և չէր հերքում, որ երկաթե ձողով փորձել է դռան կողպեքը կոտրել՝ մինչ այդ կոտրելով դռան ապակիները:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրան վնասազերծած Տ. Խուդանյանը բազմաթիվ անգամներ աչքի է ընկել ծառայության ընթացքում, շատ դեպքերում հայտնաբերել է թմրանյութեր, զենք-զինամթերք, մի քանի անգամ էլ Երևանի մի քանի կամուրջների վրա իր գործընկերների հետ կյանքեր է փրկել, ու քանի որ նա վաշտի ամենաբարձրահասակն է, նրան կոչում են նաև «Աշխարհաբեկ»՝ նկատի ունենալով հայկական սիրված «Եռանկյունի» ֆիլմի հերոսներից մեկին:

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր