211652_close_icon
views-count985 դիտում article-date 18:11 27-02-2024

ՊԵԿ նախագահը Արտյոմ Սմբատյանին պարգևատրել է «Համագործակցության և փոխգործակցության համար» մեդալով

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը և կոմիտեի ղեկավար անձնակազմը հրաժեշտի հանդիպում են ունեցել ՀՀ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արտյոմ Սմբատյանի հետ՝ Պետական եկամուտների կոմիտեում գործունեությունն ավարտելու կապակցությամբ:

Բարձր գնահատելով Արտյոմ Սմբատյանի ներդրումը համակարգի բարեփոխման և զարգացման գործում` ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված հարկային մարմնի խնդիրների իրականացման, ինչպես նաև հարկային մարմնի գործունեությանն աջակցություն ցուցաբերելու գործում զգալի ավանդ ունենալու համար, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արտյոմ Սմբատյանին պարգևատրել է «Համագործակցության և փոխգործակցության համար» մեդալով:

Ռուստամ Բադասյանը շնորհակալություն է հայտնել Արտյոմ Սմբատյանին՝ պաշտոնավարման տարիներին դրսևորած արդյունավետ համագործակցության համար և նորանոր հաջողություններ մաղթել հետագա նախաձեռնություններում ու մասնագիտական գործունեության մեջ։

Արտյոմ Սմբատյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՊԵԿ նախագահին և կոմիտեի ողջ անձնակազմին՝ վստահության, համատեղ աշխատանքի ու ձեռքբերումների համար, ընդգծելով, որ իր պաշտոնավարման ընթացքում ներդրել է առավելագույն ջանքերը՝ հարկային համակարգում բարձր արդյունքներ արձանագրելու համար:

Նշենք, որ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արտյոմ Սմբատյանը, սեփական դիմումի համաձայն, ՀՀ վարչապետի 2024 թվականի փետրվարի 23-ի N172-Ա որոշմամբ ազատվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից։

Նմանատիպ նյութեր