211652_close_icon
views-count799 դիտում article-date 15:45 06-07-2024

Ռուսաստանցի ըմբիշները չեն մասնակցի Փարիզի Օլիմպիական խաղերին

Ռուսաստանի մարզական ըմբշամարտի ֆեդերացիան պաշտոնական ուղերձով հայտնել է Փարիզի Օլիմպիական խաղերի մասնակցությունից հրաժարվելու մասին։

«Ռուսաստանի մարզական ըմբշամարտի ֆեդերացիյի գործադիր կոմիտեն ազատ, հունահռոմեական ոճերի եւ կանանց ըմբշամարտի հավաքականների մարզչական շտաբերի, Օլիմպիական խաղերի մասնակցության հրավեր ստացած ըմբիշների հետ ընդլայնված խորհրդակցության արդյունքում՝ միաձայն որոշմամբ հրաժարվել է մասնակցել Օլիմպիական խաղերին։

Ֆեդերացիան, հավաքականների մարզիկներն ու մարզիչները տեղի չեն տա քաղաքական գործիչների պահանջներին եւ թույլ չեն տա կոտրել ռուսաստանյան թիմերի ոգին։ Մենք չենք ընդունում ոչ մարզական ընտրության սկզբունքը, որով առաջնորդվում է Միջազգային օլիմպիական կոմիտեն՝ ձեւավորելով մասնակցության իրավունք ստացած մարզիկների ցուցակը։ Դրա նպատակը մեր թիմի միասնության սկզբունքի խաթարումն է»,- նշվում է հայտարարությունում։

Օլիմպիական վարկանիշային մրցաշարում ռուսաստանցի ըմբիշները նվաճել են 18 հնարավորից 16 ուղեգիր։ Հունիսի 15-ին ՄՕԿ-ը հրապարակել էր մասնակցության իրավունք ստացած ռուսաստանցի ըմբիշների ցուցակը, որը բաղկացած է ընդամենը 10 մարզիկից։ Նրանցից 6-ը հավաքականների առաջատարներից չեն։

Նմանատիպ նյութեր