211652_close_icon
views-count14014 դիտում article-date 18:51 19-08-2024

Լոռու մարզի Ջրաշեն բնակավայրում բացվեց Մեծ Հայրենականի, 1988թ․-ի երկրաշարժի և Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օգոստոսի 16-ին Սպիտակ համայնքի Ջրաշեն բնակավայրում հանդիսավորությամբ բացվեց Հայրենական Մեծ պատերազմի, 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի և Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր։

Նախագիծը կյանքի է կոչվել ծնունդով ջրաշենցի գործարար, բարերար Համլետ Ղուկասյանի ընտանիքի նախաձեռնությամբ, հուշահամալիրի հեղինակը Մարատ Ասատրյանն է, կառուցմանն աջակցել են Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը և Ջրաշեն բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Եղիազարյանը։ 

Հուշահամալիրի տեղը պատահական չի ընտրված։ Այստեղ մինչև 1988 թվականը գործել է Ջրաշենի դպրոցը, որն ավերվել է՝ փլատակների տակ թողնելով աշակերտներին և ուսուցիչներին։ 

Բացմանը ներկա էին ԱԺ պատգամավորներ, Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Սպիտակ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արտակ Մաթոսյանը, տեղակալ Հովիկ Հովհաննիսյանը, ավագանու անդամներ, մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաներ, ջրաշենցիներ, հյուրեր։ 

Հնչեց Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը, ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին ընկածների հիշատակը։ Ողջույնի և երախտիքի խոսքով հանդես եկան Լոռու մարզպետի տեղակալը, Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը, Ջրաշեն բնակավայրի ղեկավարը, բարերար Համլետ Ղուկասյանը, Ջրաշեն համայնքի դպրոցի տնօրենը։ 

Կարմիր ժապավենը կտրելու պատիվը տրվեց Գոռ Ասրյանին, Արմեն Եղիազարյանին և Համլետ Ղուկասյանին։

Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Ժորա Թարզյանի ձեռքով վառվեց անմար կրակը, ապա հերոսը պատմեց նահատակված ընկերների մասին և կոչ արեց բոլոր հայորդիներին անձնվիրաբար ծառայել հայոց բանակում՝ հանուն հայրենիքի իրենց կյանքը նվիրաբերած տղաների և հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության։  

Ներկայացվեց ջրաշենցիների ավանդը Հայրենական Մեծ պատերազմում և Արցախյան պատերազմներում։ Անուն առ անուն հնչեցին հանուն հայրենիքի ընկածների անունները, ներկայացվեցին նրանց սխրանքները։ Գեղարվեստական կատարումներով հանդես եկան «Սպիտակի երաժշտական դպրոց կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի և Սպիտակի թիվ 2 հիմնական դպրոցի սաները։ Ցերեկույթի կազմակերպիչը Սպիտակի Դրաստամատ Տեր-Սիմոնյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցն էր։ 

Վերջում խաղաղության աղավնիներ բաց թողնվեցին երկինք, ներկաները ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի առջև։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1122+
1122+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր