211652_close_icon
views-count1273 դիտում article-date 11:23 30-08-2024

Քննչական կոմիտեի համար հոբելյանական տարին հագեցած է բազմաթիվ միջոցառումներով. Արմենպրես

Քննչական կոմիտեի հիմնադրման 10-րդ տարեդարձի առթիվ հոբելյանական միջոցառումների ծրագրով նախատեսվում է հիմնել Կոմիտեի պատմության թանգարան, որտեղ ներկայացվելու են կառույցի հիմնադրման ակունքներին վերաբերող ցուցադրություններ, փաստաթղթեր, վավերագիր նյութեր, նույնիսկ կառույցի ձևավորմանը նախորդած շատ ավելի վաղ ժամանակներում քննչական գործողություններում կիրառված ու պատմական որոշակի արժեք ունեցող տարբեր իրեր և այլն: 

Քննչական կոմիտեի հիմնադրման 10-րդ տարեդարձի առթիվ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ քննչական կոմիտեի գլխավոր քարտուղար Կարեն Մարգարյանը։ 

-Պարոն Մարգարյան, Քննչական կոմիտեն այս տարի նշում է իր հիմնադրման 10 ամյա հոբելյանը, հիմնականում ի՞նչ միջոցառումներ են իրականացվել մինչ այս պահը:

-Նախ ցանկանում եմ այս ձևաչափով ևս ջերմորեն շնորհավորել Քննչական կոմիտեի կազմավորման 10-ամյա հոբելյանի առիթով և ցանկանալ, որ կառույցի գործունեությունն ընթանա բացառապես դրական զարգացումներով, իսկ Ձեր լրատվամիջոցին շնորհակալ եմ հարցազրույցի հնարավորության համար:
Նշեմ, որ դեռևս 2024 թվականի տարեսկզբից, Կոմիտեի ձևավորման տասնամյակի առիթով միջոցառումներ կազմակերպելու նպատակով, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի գլխավորությամբ ձևավորվել է համապատասխան հանձնաժողով: Հանձնաժողովի կողմից մշակվել է հոբելյանական միջոցառումների ծրագիր, և արդեն իսկ ամիսներ շարունակ մեր հանրությունն ականատես է լինում դրանից բխող տարաբնույթ միջոցառումների: 
Տոնական միջոցառումների մեկնարկն ազդարարվեց Սյունիքի մարզում, որտեղ կազմակերպվեց Քննչական կոմիտեի նախագահի հանդիպումը զինվորական քննչական գլխավոր վարչության անձնակազմի հետ, քննարկվեցին կառույցի հիմնադրման ակունքներում գտնվող այդ ստորաբաժանման անցած տասնամյա ուղուն, պատմական նշանակալի դրվագներին վերաբերող հարցեր, ինչպես նաև այդ ամենը համադրվեց      ՀՀ զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումներում և մարզի ղեկավարության հետ հանդիպումներով, հոգևոր-մշակութային բաղադրիչներով, պարգևատրումների արարողակարգերով և այլն:

Հաջորդ կարևոր միջոցառումը` Կոմիտեի կենտրոնական մարմնի, Երևան քաղաքի և մարզային քննչական ստորաբաժանումների ծառայողների հետ ունեցած հանդիպումն էր, որը համադրվեց տարվա կիսամյակային արդյունքներն ամփոփելու նպատակով ավանդաբար կազմակերպվող  կոլեգիայի` ընդլայնված արտագնա նիստի հետ և տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում: Այս նախաձեռնության հիմնական շեշտադրումը Կոմիտեի տասնամյա պատմությունն էր, այդ տարիների ընթացքում կառույցի ունեցած ձեռքբերումներին և հաջորդող տարիների հիմնական գերակայություններին անդրադառնալը: Այս ձեռնարկը ևս հագեցած էր տարբեր նշանակալի դետալներով. հանդիպում մարզի ղեկավարության հետ, Կոմիտեի ծառայողների երեխաների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդես, կոլեգիայի ընդլայնված նիստի մասնակիցները հաղորդակցվեցին Գավառի պատմությանը, մշակութային ու հոգևոր արժեքներին: Գեղարքունիքում տեղի ունեցավ մի կարևոր նախաձեռնություն ևս, հանդիսավոր կերպով սկիզբ դրվեց Կոմիտեի համար մի կարևոր ծրագրի` Երևան քաղաքի քննչական վարչության ստորաբաժանումներին տրամադրվեցին ՀՀ պետական բյուջեի միջոցներով ձեռք բերված և հատուկ տարբերանշաններով ու կահավորանքով հագեցած էլեկտրոմոբիլներ, որոնց կիրառումը նպատակ ունի նպաստել քննչական գործողությունների առավել արդյունավետ կազմակերպմանը, քննիչներին դեպքի վայր առավել հրատապորեն տեղափոխելուն և մայրաքաղաքում համապատասխան գործառույթների առավել կատարելագործմանը: Հավելեմ, որ մինչ այս պահն իրականացված տոնական միջոցառումների շարքին մաս է կազմել նաև Քննչական կոմիտեի ստորաբաժանումների 10-ամյա գործունեության պատմության համառոտ ամփոփագրերի` հատուկ ձևավորմամբ տպագրման ու վարչական շենքերի տեսանելի վայրերում տեղադրման նախաձեռնությունը և ներկա պահին հետևողական քայլեր են ձեռնարկվում մինչև տարեվերջ  նախատեսված մնացյալ միջոցառումները պատշաճ կազմակերպելու ուղղությամբ:

-Հոբելյանի շրջանակներում ինչպիսի՞ ծրագրեր ունեք` նախատեսված առաջիկայի համար:

-Առաջիկայում նախատեսվում է կազմակերպել հանդիպում «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի վետերանների խորհուրդ» հասարակական կազմակերպության անդամների հետ, որի շրջանակներում, հանդիսավոր պայմաններում, ազդարարվելու է Կոմիտեի պատմության թանգարանի հիմնադրման մասին: Նախատեսվում է կազմակերպել նաև ՀՀ քննչական կոմիտե. 10-ամյա իրողություններ և զարգացման հեռանկարներ խորագրով գիտաժողով, ինչպես նաև հրատարակման է նախապատրաստվում ՀՀ քննչական կոմիտե. 10-ամյա տարեգրություն հուշագիրքը: Ավելին, մեր հանրությանն արդեն իսկ հայտնի և Կոմիտեի կողմից տևական ժամանակ իրականացվող Դասը վարում է քննիչը ծրագրի շրջանակներում սեպտեմբեր ամսից կազմակերպվելիք բոլոր դասընթացները, մինչև ընթացիկ տարեվերջ, հիմնականում նվիրվելու են նախաքննական մարմնի 10-ամյակին` այդ տրամաբանության մեջ կառուցելով բոլոր դասախոսությունները և գիտա-ուսումնական պարապմունքները: Հավելեմ,  որ Քննչական կոմիտեի 10-ամյա հոբելյանի գլխավոր հանդիսությունը տեղի է ունենալու հոկտեմբեր ամսին` Կոմիտեի ծառայողի օրվա շրջանակներում:

Հարկ եմ համարում ընդգծել, որ հոբելյանական միջոցառումների ծրագրում իրենց առանցքային և ընդգծված կարևորությունն ունեն լրատվական և հանրային իրազեկման հատվածին վերաբերող աշխատանքները. 10-ամյա հոբելյանի շրջանակներում, Կոմիտեի պաշտոնատար անձանց ներգրավմամբ, տարբեր լրատվամիջոցներում արդեն իսկ կազմակերպվել և առաջիկայում ևս կազմակերպվելու են տարաբնույթ հարցազրույցներ, նախատեսվում է պատրաստել ու հեռարձակել հոբելյանական հեռուստաթողարկում, ինչպես նաև ունենալ Քննչական կոմիտեի և քննիչի գործառույթների մասին հանրամատչելի սոցիալական տեսահոլովակ:

Օգտվելով առիթից` անհրաժեշտ եմ համարում շնորհակալություն հայտնել մեր լրատվամիջոցներին, քանի որ հոբելյանական միջոցառումների գլխավոր բաղկացուցիչը համարել և համարում եմ այդ ամենի պատշաճ լուսաբանումը և ուրախությամբ արձանագրում, որ Կոմիտեի մամուլի ծառայության և տարբեր լրատվամիջոցների արդյունավետ համագործակցությունը մեծապես նպաստում է մեր տոնական միջոցառումների որակին ու ներկայանալիությանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Նմանատիպ նյութեր