211652_close_icon
views-count4038 դիտում article-date 23:30 14-08-2017

Հոբելյանական «Բազե» հավաքն այս տարի հագեցած է լինելու հետաքրքիր միջոցառումներով

«Բազեն» այս տարի 15 տարեկան է, և 15 տարիների ընթացքում հավաքին մասնակցել է մոտ 8500 երիտասարդ։ Հավաքն իր պատկառելի տարիքով ապացուցում է, որ այն այս ընթացքում շարունակում է հետաքրքիր մնալ երիտասարդների համար»,- այսօր Սպուտնիկ Արմենիայի մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսում ասաց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ծրագրերի իրականացման ծառայության ղեկավար Արուսյակ Պողոսյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր այն մարդկանց և կազմակերպություններին, որոնք հավաքի կազմավորման ակունքներում են։ Նա նաև ընդգծեց, որ պահպանելով հիմնական միջոցառումները՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը զարգացնում է հավաքը՝ համալրելով նոր միջոցառումներով։ «Բազե» հավաքն այս տարի մեկնարկելու է օգոստոսի 21-ին։ Հավաքը կազմված է ՀՀ պետական դրոշի գույները խորհրդանշող ճակատներից, իսկ յուրաքանչյուր ճակատ իր հերթին՝ ջոկատներից։ Ջոկատները ներկայացնում են Երևանը, ՀՀ մարզերը, բուհերը, ազգային փոքրամասնությունները, լրագրողական համայնքը, Արցախը, սփյուռքը, Գևորգյան հոգևոր ճեմարանը և այլն։ Արուսյակ Պողոսյանը նկատեց, որ կազմակերպիչները մեծ ուշադրություն են դարձնում սպորտային և մշակութային մրցույթները բարձր մակարդակով անցկացնելու հարցին, ուստի մրցույթների ժյուրիի կազմը և մրցավարներն ընտրվում են մեծագույն բծախնդրությամբ։ Արուսյակ Պողոսյանի բնորոշմամբ` «Բազեն» ասոցացվում է ուժեղ երիտասարդության հետ. «Հավաքի յոթ օրվա յուրահատուկ ստուգատեսն իր մեջ ամփոփում է թիմային աշխատանքի, սեփական ոլորտում աչքի ընկնելու հնարավորությունը»։ Հավաքի մարզական ղեկավար Գրիգորի Ամբարյանն ընդգծեց, որ սպորտային միջոցառումների (լող, ֆուտբոլ, վոլեյբոլ, բազկամարտ, սեղանի թենիս և այլն) մրցավարությունը կազմակերպվում է ազգային ֆեդերացիաների հետ համագործակցությամբ։ Նա տեղեկացրեց, որ այս տարի ծրագրում մտցվել է սպորտային միջոցառում՝ հատուկ աղջիկների համար, որպեսզի վերջիններս ավելի շատ ներգրավվեն մարզական միջոցառումներին։ «Բազե» հավաքի գեղարվեստական ղեկավար Գրիգոր Դանիելյանի տեղեկացմամբ՝ հոբելյանական հավաքը հագեցած է լինելու բազմաթիվ միջոցառումներով։ Գրիգոր Դանիելյանը նշեց, որ մշակութային ծրագրում այս տարի առաջին անգամ անցկացվելու է լուսանկարչության մրցույթ, երիտասարդները հանդես են գալու Հայաստանի ապագան ուրվագծող ներկայացմամբ, նկարահանելու են մեր երկրի զբոսաշրջային ներուժը պատկերող հոլովակներ։ Գրիգոր Դանիելյանը նաև շեշտեց, որ հավաքի մասնակիցներն ընտրվում են մրցութային եղանակով։ Հավաքի մարզական և գեղարվեստական ղեկավարները մասնակցում են ջոկատների անդամների ընտրությանը, քանի որ շահագրգիռ են, որպեսզի իրենց թիմերում լինեն լավագույն մարզիկները, պարողները, երգիչները, գեղանկարիչները և այլն։ Ընդ որում, ինչպես ասաց Գրիգոր Դանիելյանը, այս տարիների ընթացքում «Բազեն» բացահայտել է այսօր արդեն հայտնի բազմաթիվ երգիչների, դերասանների և այլն։ [b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամ [/b]

Նմանատիպ նյութեր