211652_close_icon
views-count1270 դիտում article-date 22:19 22-11-2024

Պուտինը զգուշացնում է նոր հրթիռի մարտական ​​փորձարկումների մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նոր միջին հեռահարության բալիստիկ, միջուկային հարվածի հնարավորության հրթիռը կշարունակվի փորձարկվել, այդ թվում՝ մարտական պայմաններում։ Փոխանցում է Azatutyun-ը։

«Մենք կշարունակենք այդ փորձարկումները, այդ թվում՝ մարտական պայմաններում՝ կախված իրավիճակից և անվտանգության սպառնալիքների բնույթից, որոնք ստեղծվում են Ռուսաստանի համար», - այսօր Պաշտպանության նախարարության և ռազմարդյունաբերության համալիրի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է նա։

Ռուսաստանը նոյեմբերի 21-ին Ուկրաինայի դեմ օգտագործեց «Օրեշնիկ» հիպերձայնային հրթիռը՝ հարվածելով Դնեպր քաղաքին։ Ռուսաստանի նախագահը երեկ հայտարարեց, որ այս անգամ հարվածն առանց միջուկային մարտագլխիկի է եղել, և դա Մոսկվայի պատասխանն էր Ռուսաստանի տարածքի վրա վեց ամերիկյան ATACMS հրթիռներով, հետո նաև բրիտանական Storm Shadow և HIMARS համակարգերով հարվածներին։

Այս հարվածներին նախորդել էին տեղեկությունները, թե այդ երկրները Կիևին թույլատրել են օգտագործել նման համակարգեր ռուսական տարածքին հարվածելու համար:

Ուկրաինացի պաշտոնյաներն ի սկզբանե մեղադրում էին Ռուսաստանին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակման մեջ։
Պուտինը հավելել է, որ հրթիռը նոր է և նախկին խորհրդային զինատեսակների արդիականացում չէ։

Նմանատիպ նյութեր