211652_close_icon

Լոռու մարզում 18-20 դիմակավորված անձանց վնասազերծելու ժամանակ ոստիկանի կողմից հնչած կրակոցների հետևանքով կա վիրավոր. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

views-count47293 դիտում article-date 11:43 28-03-2025
Երեկ՝ մարտի 28-ին, SHAMSHYAN.com-ը տեղեկություն էր հրապարակել Լոռու մարզում տեղի ունեցած կրակոցների մասին, երբ 18-20 դիմակավորված անձ ապօրինի մուտք էր գործել Հաղպատ բնակավայրի վարչական տարածքում գտնվող «Անմոռ» ՓԲԸ-ին պատկանող փիրուզի հանքաքարի տարածք և փորձել էին հանքանյութ գողանալ:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թումանյանի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արտակ Գուրջանյանի գլխավորությամբ, երբ հետապնդել են կասկածյալներից մեկին, ով եղել է գողոնով և ասել են, որպեսզի նա կանգնի, հակառակ դեպքում կկրակեն: 

Այդ կասկածյալը հայտնել է, որ ինքը նույնպես զենք ունի և կկրակի, ինչից հետո ոստիկաններից մեկը կրակոցներ է արձակել, որի հետևանքով էլ կասկածյալը հրազենային վնասվածք է ստացել:
 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա Լոռու մարզի Շնող բնակավայրի բնակիչ Էդգար Խառատյանն է, ով տեղափոխվել է «Ալավերդի» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկների կողմից անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, մարտի 23-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թումանյանի բաժնում տեղեկություն էր ստացվել, որ Հաղպատ բնակավայրի վարչական տարածքում գտնվող՝ «Անմոռ» ՓԲԸ-ին պատկանող փիրուզի հանքաքարի տարածքում այլ անձանց շարժ է նկատվել:

Օպերատիվորեն դեպքի վայր էր մեկնել ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Գուրջանյանի գլխավորությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ արդեն տեղում «Գարդիան Գրուփ» ընկերության անվտանգության աշխատակիցը ոստիկաններին հայտնել էր, որ մի քանի ժամ առաջ շուրջ 18-20 դիմակավորված անձինք մտել էին ընկերության տարածք և փորձել գողանալ փիրուզի հանքաքար, սակայն իրենք հորդորել ու պահանջել էին նշված տարածքից հեռանալ, այլապես կարող էին իրենց ամրակցված հրազենով կրակել, որին ի պատասխան նշված դիմակավորված անձինք ևս հայտնել էին, որ իրենք էլ զենք ունեն ու կկրակեն, որից իրենք վախենալով` զեկուցել էին իրենց ղեկավարին, իսկ պահնորդական ընկերության մյուս աշխատակիցները ռադիոկապի միջոցով ոստիկաններին հայտնել էին, որ այդ պահին էլ կրկին անձանց շարժ է նկատվում և փորձում են հանքաքար գողանալ, ինչի համար ոստիկանները անվտանգության աշխատակիցների հետ մոտեցել էին նշված վայր և մթության մեջ ժամը 01։20-ի սահմաններում շուրջ 25-30 մետր հեռավորության վրա նկատել էին ակնհայտ փիրուզի հանքաքարի գողություն կատարող անձի և ներկայանալով՝ որպես ոստիկանության ծառայողներ, փորձել էին բռնել, սակայն վերջինս պարկը ձեռքին դիմել էր փախուստի, ինչի համար ոստիկաները հորդորել էին, որ կանգնի, թե չէ կկրակեն, որին ի պատասխան հիշյալ անձը մթության մեջ իրենց ուղղությամբ պահելով ինչ-որ իր՝ ասել է, որ ինքն էլ զենք ունի, կկրակի, որին ի պատասխան ոստիկանության ծառայողը 2 անգամ իրեն ամրակցված «Մակարով» տեսակի ատրճանակից նախազգուշական կրակոց է արձակել օդ։

Դեպքի փաստով ոստիկանության Թումանյանի բաժնում փաստաթղթեր էին ձևակերպվել, որոնք փոխանցվել էին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել էր քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում էր մասնակիցների ինքնությունը։

Այս պահին նախաքննություն շահերից ելնելով որոշ հանգամանքներ չենք հայտնում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր