5300 դիտում
22:02 08-02-2014
Աղի բլիթ
«Աղի բլիթի» հարցը, կարելի է ասել, օրակարգային է, և քանի որ օրերս (սույն ամսի 15-ին) հայ ժողովուրդը նշելու է Սուրբ Սարգսի տոնը, ապա ավելորդ չէ ևս մեկ անգամ տեղեկացնել այս կարևոր բլիթի օգտագործման մասին:
Ըստ մի ավանդության, երբ Սարգսին բանտարկում են, նրա սիրելի կինը, ով, լինելով սպարապետ-մեծահարուստի կին, ապրում էր բավականին բարեկեցիկ կյանքով, որոշում է ոչ միայն հոգեպես ցավ քաշել իր ամուսնու չարչարանքների պատճառով, այլ նաև իր մարմինը ենթարկել այնպիսի տանջանքի, որպիսին տանում էր Սարգիսը: Սիրելի կինը, իմանալով, որ կալանավորները կերակրվում են միայն աղով և հացով, որոշում է մինչև ամուսնու ազատ արձակումը նույն կերպ՝ աղով և հացով սնվել:
Ահա այս ավանդությունը, իբրև սրբի վարքի մի դրվագ, իր կիրառությունն է ունեցել որոշ հավատացյալ համայնքների շրջանակներում, իսկ հաջորդ սերունդն առանձնապես չի խորացել դրա բուն իմաստի մեջ և կիրառել է այն՝ առանց հասկանալու:
Ցանկացած մշակութաբան կհամաձայնի, որ միայն այս ավանդությունը չէ, որ ոչ միայն կորցրել է իր բուն իմաստն ու բովանդակությունը, այլև ստացել լրիվ այլ, նույնիսկ նախորդին հակադիր իմաստ և բովանդակություն: Նույն բանը տեղի է ունեցել Համբարձման տոնի հետ. տոնի հաստատումից որոշ ժամանակ անց մարդիկ դադարել են հասկանալ և հետամուտ լինել դրա «խորին խորհրդին» ու այն դարձրել «Ջանգյուլում ջան»: Մի բան, որն ունի իր ուրույն գեղեցկությունը, սակայն բնավ կապ չունի բուն քրիստոնեության և Համբարձման հետ:
Ահա սրա նմանությամբ, ժողովուրդը սկսել է ճաշակել աղ և հաց, հետո վառ երևակայություն ունեցող մի տատիկ կամ տոնի առթիվ գինովցած մի պապիկ ստեղծագործել է մի գեղեցիկ հեքիաթ, ըստ որի աղ և հաց ուտողը երազում կտեսնի իր սիրածին, որն իրեն ջուր կտա: Հոգեբանները կհաստատեն, որ եթե քնած մարդու սենյակում, ասենք, մի աթոռ է ընկնում, շատ հնարավոր է, որ քնածը երազում տեսնի, իբր մեկը կրակում է: Անակնկալ թրմփոցը, որը վախի զգացողություն է առաջացնում, կարող է վերագրվել (պրոեկտվել) այն մարդու վրա, ով կյանքի տվյալ հատվածում քնած մարդու հոգեկան աշխարի առանցքներից մեկն է` իրական սիրածը, ամուսինը, կինը կամ մի մտացածին, ճերմակ ձիով (ներկայումս` թանկարժեք ավտոմեքենայով) ասպետ: Այսպես, քնածը տեսնում է, որ կրակում է իր սիրածը, կամ իր սիրածին են կրակում և այլն:
Նույն կերպ էլ դատարկ ստամոքսը աղ և չորացած հաի կտոր լցրած մարդը (սա նույնն է, թե մարդ մի քանի ճաշի գդալ աղ ուտի) անպայման սառը ջուր է ուզում. երազում ամեն ինչ կապվում է ջրի պատկերին, իսկ եթե մինչ այդ մարդը բնականորեն ցանկացել է սիրել ու սիրվել, ապա ջուրն ու սպասված սիրելին միաձուլվում են:
Այսպիսով, լիովին «արդարացվում են» վերը հիշատակված տատիկի և պապիկի հեքիաթները: Իսկ արդեն մեր օրերում, երբ ամեն ինչ առավել սրընթաց գնում է դեպի գռեհիկացում, սկսվում է ավելի բարդ ու «մշակված» համակարգերի ի հայտ գալը. մեկը մի օր մոգոնում է, որ աղի բլիթը պիտի պատրաստի այրիացած կին, մյուսն ավելի է խորացնում` պնդելով, որ այրին ամուրի երեխաներ չպետք է ունենա, իսկ մյուսը` ուղիղ հակառակը, և տրամաբանական է, որ թե՛ բուն քրիստոնեությունից և թե՛ գիտությունից հեռու պատանին, ով մանկական անհամբերությամբ տենչում է տեսնել իր ապագա սիրեցյալի դեմքը, այս առասպելների ձեռքին խամաճիկ դառնա…
Վերջում մեզ մնում է միայն հստակ ու ճշգրիտ մի ուղերձ հղել բոլոր նրանց, ովքեր ուզում են «օգտվել» աղի բլիթի ծառայությունից. մարդն է Աստծո օրհնությամբ և օգնությամբ վրձնում իր անցնելիք ճանապարհը, ոչ մի «բլիթ» չի կարող ցույց տալ ապագան. այն չկա, այլ միայն պատկերացվում է մեր ֆանտազիայի շնորհիվ և ներկայի գործունեությամբ պայմանավորվում: Ամեն տիպի գուշակություն, լինի «բլիթով» թե գորտի լյարդով, գիտության տեսանկյունից անհեթհեթություն է, քրիստոնեության տեսանկյունից` ծանր մեղք:
[b]ՎԱՀՐԻՃ ՄԵՍՐՈՊՅԱՆ[/b]
Նմանատիպ նյութեր
2752 դիտում
14:23 30-01-2015
Այսօր երիտասարդներն աղի բլիթ կուտեն, իսկ վաղը Սուրբ Սարգսի անունը կրող եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ
15608 դիտում
21:38 26-01-2018
Այս գիշեր երիտասարդներն աղի բլիթ են ուտում. վաղը Սուրբ Սարգսի տոնն է
2340 դիտում
11:51 15-02-2019
Սիրո խոստովանություն, աղի բլիթ, երգ ու պար․ միջոցառում Ս. Սարգիս եկեղեցու հարևանությումբ
Այս բաժնից
1000 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
979 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
913 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր