211652_close_icon
views-count2026 դիտում article-date 19:15 12-02-2014

Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի ձեռամբ ՀԵՀ-ում կատարվեց տնօրհնեքի արարողություն

Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու հոգևոր տեսուչ Տեր Անուշավան Եպիսկոպոս Ժամկոչյանի տնօրինությամբ «Հավատամք» հոգևոր կենտրոնի կողմից նախաձեռնված «Ընդառաջ Աստծո, ընդառաջ սիրո» խորագրով միջոցառումների շրջանակներում այցելություններ են կատարվել զորամաս, տարեցների տուն-ինտերնատ, պետական հոգածության ներքո գտնվող կրթօջախներ: Այսօր «Հավատամք» հոգևոր կենտրոնի անդամները հյուրընկալվեցին Հայաստանի Երիտասարդական Հիմնադրամում, որտեղ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու և «Հավատամք» հոգևոր կենտրոնի հոգևոր հովիվ Տեր Հակոբ Քահանա Խաչատրյանի ձեռամբ կատարվեց Տնօրհնեքի արարողություն: Դպրաց դասի երգեցողության բաժինը կատարեց «Հավատամք» հոգևոր կենտրոնի «Հավատամք» երգչախումբը: «Հավատամք» երգչախումբը նաև համերգային մի փոքրիկ ծրագիր ներկայացրեց, որի ընթացքում հնչած հոգևոր և ժողովրդական կատարումները մեծ բավականություն պատճառեցին ներկաներին: Ավանդույթի համաձայն՝ յուրաքանչյուր հաստատություն այցելելիս «Հավատամքը» հոգևոր կենտրոնը աջակից-բարերարների կողմից Մայր Եկեղեցու կանթեղից վառված կանթեղ և խաչքար է փոխանցում: «Կանթեղը խորհրդանշում է այն հույսն ու ջերմությունը, որ Քրիստոս կարող է բերել յուրաքանչյուր քրիստոնյայի»,-ասաց Տեր Հակոբ Քահանա Խաչատրյանը` հավելելով, որ այցելությունը Հայաստանի Երիտասարդական Հիմնադրամ շատ կարևոր է, քանի որ մեր Սուրբ Եկեղեցին միայն քարե շինությունը ու հոգևորականները չեն. «Եկեղեցին կենդանի է, շնչում է իր հավատացյալներով։ Հայաստանի Երիտասարդական Հիմնադրամի հետ համագործակցության նպատակն է՝ համատեղ ծրագրերով հանրությանը փոխանցել ազգային և հոգևոր գիտելիքներ»: Նյութը եւ լուսանկարները` Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր