6943 դիտում
15:34 26-06-2014
Արմավիր քաղաքում քամին տապալել է շենքի տանիքը. բնակիչները վստահ են, որ պատկան մարմիններն ու իրենց պատգամավորները սատար կկանգնեն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունիսի 25-ին, արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Արմավիր քաղաքում: Ժամը 20:30-21:00-ի սահմաններում Հերացի 10 շենքի բնակիչներն ականատես են եղել մի իսկական մրրիկի:
Ինչպես Արմավիրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ուժեղ քամու և հորդառատ անձրևի հետևանքով նշված շենքի թիթեղյա տանիքի մոտ 250 քմ հատված քամին պոկել և տապալել է գետնին: Այս պահին շենքի բակում են հավաքվել մեծ թվով բնակիչներ, ովքեր չգիտեն, թե ինչպես է լուծվելու այդ խնդիրը:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը հայտնեց, որ իրավիճակին իրենք արդեն ծանոթ են, իր հանձնարարականով ավագանու անդամներն այցելել են նշված շենքը, ծանոթացել իրավիճակին և խոստացել, որ մինչև երկուշաբթի իր հանձնարարականով ավագանու արտահերթ նիստ տեղի կունենա և կորոշվեն հետագա անելիքները:
Քաղաքապետը հայտնեց նաև, որ երեկ բարձրացած ուժեղ քամու հետևանքով քաղաքում մի քանի շինություններ ևս, այդ թվում՝ մանկապարտեզը և սպորտդպրոցը, վնասվել են, սակայն առաջին հերթին կլուծվի Հերացի 10 շենքի խնդիրը, քանի որ այդ շենքը բազմաբնակարային է, 7 մուտք ունի, և եթե կարճ ժամանակում տանիքի հարցը չլուծվի, ապա հետագայում անձրևների պատճառով ավելի շատ ծախսեր կառաջանան:
Իրավիճակի մասին քաղաքապետը տեղեկացրել է նաև մարզպետին, և հավանաբար նա էլ կտեղեկացնի կառավարությանը: Ֆոտոլրագրողի հետ զրույցում շենքի բնակիչներից 29-ամյա Գրիգոր Գրիգորյանը հայտնեց, որ իրենք իրենց միջոցներով չեն կարող լուծել այդ խնդիրը և իրենց հույսը Արմավիրի քաղաքապետարանն ու կառավարությունն են, իսկ տարեց բնակիչներն էլ ասում էին, որ այս աղետի հետևանքների վերացմանն իրենց օգնության ձեռք կմեկնեն մարզից ընտրված պատգամավորները: Բարեբախտաբար այդ պահին բակում երեխաներ չեն եղել, ովքեր ամառվա այս ժամանակահատվածում նշված հատվածն օգտագործում են որպես խաղահրապարակ:
Ավելի մանրամասն՝ տեսանյութում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+