211652_close_icon
views-count2307 դիտում article-date 09:13 23-04-2015

Թուրքիան հետ է կանչել իր դեսպանին Ավստրիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հետո

Թուրքիան հետ է կանչել Վիեննայում իր դեսպան Հասան Գեգյուշին այն բանից հետո, երբ ավստրիական խորհրդարանը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հաղորդել է NTV հեռուստաալիքը: Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ ասված է. «Նրանք պետք է իմանան, որ Թուրքիան և թուրք ժողովուրդը չեն մոռանալու այդ բամբասանքը: Ավստրիայի խորհրդարանը ոչ մի իրավունք չունի մեղադրելու թուրք ժողովրդին»: Հիշեցնենք,որ երեկ Ավստրիայի խորհրդարանը գումարված 25-րդ նստաշրջանի 68-րդ լիագումար նիստի ընթացքում, ճանաչեց և դատապարտեց Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը: Ելույթով հանդես էր եկել շ Ավստրիայի Ազգային խորհրդի նախագահ տիկին Դորիս Բուրեսը, ով, մասնավորապես նշեց, որ 1915 թվականի ապրիլի 24-ին Օսմանյան կայսրությունում հայ մտավորականության և առաջնորդների ձերբակալմամբ սկիզբ առած տեղահանությունների և հալածանքների քաղաքականությունը ավարտվեց հայերի ցեղասպանությամբ: 20-րդ դարի պատմության մշակումը նախընթաց տասնամյակներում մեծ առաջընթաց է արձանագրել: Պատմական մեղսակցության ընդունումը նախապայման է հետևողական հաշտեցման: Այս գիտակցությամբ և նպատակ ունենալով սատարել Հայաստանի և Թուրքիայի հաշտեցմանը Ավստրիայի խորհրդարանում ներկայացված բոլոր 6 խորհրդարանական խմբակցությունների նախագահները համատեղ հայտարարություն են ընդունել Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ իրագործված ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ: Ավստրիայի խորհրդարանի նախագահի ելույթից հետո ընդունվեց հայտարարության տեքստը, որից հետո խորհրդարանը 1 րոպե լռությամբ հարգեց ցեղասպանությանը զոհ գնացած 1 և կես միլիոն հայերի հիշատակը:

Նմանատիպ նյութեր