211652_close_icon
views-count783 դիտում article-date 16:18 14-05-2015

Արմեն Աշոտյանը հանդիպում է ունեցել ԵՄ կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով հանձնակատարի հետ

Մայիսի 14-15-ը Երևանում անցկացվող Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի շրջանակներում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպում է ունեցել ԵՄ կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով հանձնակատար Տիբոր Նավրաչիչի հետ: Նախարարը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանը և անձամբ հանձնակատարին աջակցության համար` գագաթաժողովի կազմակերպչական, ֆինանսական և մեթոդաբանական օգնության հարցերում: Արմեն Աշոտյանը, խոսելով Բոլոնյան գործընթացի մասին ընդհանրապես և երևանյան գագաթաժողովի մասին մասնավորապես, բարձր է գնահատել կրթության և գիտության ոլորտում ընթացող ինտեգրացիոն գործընթացի ներկա զարգացումները: Նախարարի խոսքով` հակամարտող երկրների համար կրթությունը կարող է դառնալ շատ կարևոր գործիք` տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման գործընթացներում: Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ հայ ուսանողների համար փակ սահմանների պայմաններում կրթությունը դառնում է ոչ մատչելի` այս համատեսքստում կարևորելով կրթության միջազգայնացման խնդիրը: Հանձնակատարն իր հերթին նշել է, որ անհրաժեշտ է արդիականացնել եվրոպական բարձրագույն կրթության տարածքը` ընդգծելով ուսանողների շարժունության և փոխանակման ծրագրերը: Նա հույս է հայտնել, որ Երևանյան գագաթաժողովը կունենա վճռորոշ և պատմական նշանակություն` եվրոպական կրթական միասնական տարածքի ընդլայնման համար, նոր շունչ կհաղորդի ողջ տարածքում իրականացվող կրթական բարեփոխումերին: Հանձնակատարը նաև կարևորել է հարևանության գործընթացը` որպես կրթամշակութային կամուրջ հարևան երկրների միջև: Նախարարն անդրադարձել է Tempus և Erasmus + ծրագրերին և դրանցում ՀՀ բուհերի ներգրավման խնդիրներին, շեշտել երկկողմ հորիզոնական կապերի խորացման անհրաժեշտությունը: Հանդիպման ավարտին կողմերը կարևորել են Երևանի կոմյունիկե և Բոլոնիայի 4-րդ քաղաքական ֆորումի հայտարարագրի ընդունումը և դրանց հետագա նշանակությունը:

Նմանատիպ նյութեր