««Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը գումարների փոշիացման հարցում կարող է ռեկորդակիր համարվել. Ժողովուրդ
««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը գումարների փոշիացման հարցում կարող է ռեկորդակիր համարվել: Երբ «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց ՀԷՑ-ի կողմից ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացված տվյալները և փաստաթղթերը, բավական ուշագրավ փաստեր ի հայտ եկան: Օրինակ՝ պարզվում է, որ էլէներգիայի ներկայիս 41,85 դրամ սակագնի պայմաններում ՀԷՑ-ը ամեն մի կՎտ-ից 12,46 դրամ եկամուտ ունի: Այսինքն՝ միայն վերջին մեկ տարում առաքված 5 միլիարդ 571 մլն 920 հազար կՎտ/ժ էլէներգիայից ՀԷՑ-ի եկամուտը կազմել է 69 մլրդ 426 մլն 123 հազար դրամ:
Իսկ, ահա, ՀԷՑ-ի պահպանման ծախսերը կազմում են 39 միլիարդ դրամ: Եվ այսքանից հետո հարց է առաջանում, թե ինչպես է այս ընկերությունը հաջողացրել վնասով աշխատել, ո՞ւր են գնացել տասնյակ միլիարդ դրամները: Բայց այս ընկերությունն այնքան է լկտիացել, որ այս պայմաններում դեռ համարձակվում է էլէներգիայի սակագինը բարձրացնելու հայտ ներկայացնել: Այսինքն՝ ՀԷՑ-ը ցանկանում է, որ իր տարեկան եկամուտը կազմի ոչ թե 69 մլրդ դրամ, այլ 114 մլրդ 753 մլն 697 հազար դրամ: Բայց կասկած չկա, որ այդ ժամանակ էլ տարին «վնասով» կփակեն: Իսկ ի՞նչ է սա, եթե ոչ թալան:
ՀԳ, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով էլէներգիայի սակագնի բարձրացման հարցում քաղաքական որոշումը արդեն կայացվել է: Ըստ այդմ, նախատեսվում է, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սպառողից մատակարարվող էլէներգիայի սակագինը կբարձրացնի 6-7դրամով, այլ ոչ թե 17, ինչպես ցանկանում է ՀԷՑ-ը: Այսինքն ՀԷՑ-ի ներկայացրած հիմնավորումն ուռճացված է համարվել իսկ 6-7 դրամով սակագսի բարձրացումը անխուսափելի Կլինի»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։