Եգիպտոսի կառավարությունը արտակարգ նիստ է հրավիրել՝ ռուսական օդանավի կործանման հետ կապված
Եգիպտոսի կառավարությունը արտակարգ նիստ է հրավիրել՝ կապված այսօր առավոտյան Շարմ Էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռչող ուղևորատար Aurbus-321 օդանավի կործանման հետ, հաղորդում է Tass-ը:
Արդեն կազմվել է հատուկ հանձնաժողով: Բացի այդ, «Պուլկովո» օդանավակայանում շտաբ է ձևավորվում՝ զոհված ուղևորների հարազատներին օգնություն ցուցաբերելու համար:
Հիշեցնենք, որ օդանավը պետք է թռչեր Սանկտ Պետերբուրգ, սակայն օդ բարձրանալուց 23 րոպե անց կործանվել է Եգիպտոսի Սինայի թերակղզու կենտրոնական մասում: Օդանավում եղել է 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամ:
Հաղորդվում է, որ ռադարներից անհետանալուց առաջ օդանավի գլխավոր օդաչուն մոտակա օդանավակայանում վայրէջք կատարելու թույլտվություն է հարցրել: Օդանավն այդ պահին գտնվել է 9000 մետր բարձրության վրա, ինչից հետո անհետացել է ռադարներից: